ՈՒկրաինայում սկսվել են նախագահական ընտրությունները: Երկրի արևելքում իրավիճակը լարված է: Վերջին օրերին անջատողականների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած զինված բախումների արդյունքում զոհվել է 20 մարդ: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են, որ բոյկոտում են քվեարկությունը: Առաջին անգամ ՈՒկրաինայում ընտրություններին չի մասնակցի Ղրիմը:
Նախագահի աթոռի համար պայքարում է 21 թեկնածու: Հիմնական թեկնածուներն են համարվում Պյոտր Պորոշենկոն, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և նախկին փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն: Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: Հակառակ պարագայում հունիսի 15-ին ՈՒկրաինայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Նշենք, որ, բացի նախագահական ընտրություններից, այսօր ՈՒկրաինայում տեղի կունենան նաև Կիևի քաղաքապետի և քաղխորհրդի, ինչպես նաև երկրի որոշ շրջաններում ՏԻՄ ընտրություններ: