Հունական Գավդոս կղզու բնակիչները հրաժարվել են մասնակցել Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությանը՝ ի նշան բողոքի ԵՄ-ի և Հունաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Մայիսի 25-ին Հունաստանում տեղի է ունենում տեղական և շրջանային ընտրությունների երկրորդ փուլը, որ զուգակցվում է Եվրախորհրդարանի ընտրությունների հետ: Կղզու բնակիչները քաղաքապետին ընտրել են առաջին փուլում, իսկ Եվրախորհրդարանի ընտրություններից հրաժարվել են, որովհետև հիասթափված են հունական ու եվրոպական իշխանությունների անտարբերությունից ու ապատիայից՝ Սիրիայի քիմիական զենքը Միջերկրական ծովում ոչնչացնելու ծրագրերի նկատմամբ: Ընտրությունները բոյկոտելու որոշում ավդոսցիները կայացրել են ընդհանուր ժողովում: «Մենք ընդունում ենք Եվրախորհրդարանի և Հունաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորների ջանքերը, որ դեմ էին հանդես գալիս քիմիական զենքը Միջերկրական ծովում ոչնչացնելուն, բայց մենք ցավում ենք, որ այդ հարցով զբաղված պատգամավորներն ավելի քիչ են, քան մեկ ձեռքի մատները»,- նշված է ընդհանուր ժողովի հայտարարության մեջ: «Ոչ անտարբերությանը, տխմարությանն ու մեծամտությանը: Ոչ հաստատություններին ու կազմակերպություններին, որտեղ մտածում են, թե մեր ձայներն իրենց իրավունք են տվել ժողովրդի դեմ որոշումներ ընդունել՝ իրենց քաղաքական ու տնտեսական շահերի օգտին»,- հայտարարել են ավդոսցիները: Գավդոսը Կրետեից հարավ է և վարչականորեն համարվում է Կրետեի մաս, ունի 30 խորանարդ կիլոմետր տարածք, 2011-ի մարդահամարի տվյալներով՝ 152 բնակիչ: Գավդոսը Եվրոպայի վերջին հարավային կետն է:
Եվրախորհրդարանի 2014-2019 թթ. քառօրյա ընտրությունները սկսվել են մայիսի 22-ից: Մայիսի 25-ին քվեարկությունները կշարունակվեն 21 երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Լեհաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում: Մայիսի 22-ին քվեարկել են Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդների թագավորությունը, 23-ին՝ Իռլանդիան ու Չեխիան, 24-ին՝ Չեխիան, Սլովակիան, Լիտվան և Մալթան: