Եվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի գործողությունների իրականացման չորրորդ հաշվետվությանը: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը: Համաձայն հաշվետվության` ՈՒկրաինան կատարել է անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք թույլ են տալիս իրականացնել անցումը ծրագրի երկրորդ փուլին: «Վիզաների ազատականացման ծրագրի գործողությունների երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ առաջարկությունը, նախ և առաջ, համարվում է կարևոր օրենսդրական բարեփոխումների ճանաչում, որոնք ընդունվել են վերջին ամիսներին», -հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Նշենք, որ Եվրահանձնաժողովը ՈՒկրաինային վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է տրամադրել 2010-ի նոյեմբերի 22-ին: Ծրագիրը կազմված է երկու փուլից, առաջինով անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, իսկ երկրորդով` ապահովել դրանց գործնական իրականացումը: