Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիս են տվել: Ահմեդ Դավութօղլուն ասել է. «ՈՒկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ կարևոր է շուտափույթ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել այդ հակամարտությունը լուծելու համար»: Նշելով, որ Մոսկվա է եկել Բաքվից, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մասին ասել է. «Բանակցություններում մենք հարգարժան Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում «սառեցված» հակամարտությունները կարգավորելու օգտին: Այդ տարածաշրջանը շատ մոտ է Թուրքիային և Ռուսաստանին, «սառեցված» հակամարտությունները վտանգներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգնի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ջանքեր չի խնայի տարածաշրջանում մյուս սառեցված հակամարտությունները լուծելու համար: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար հիմա շատ լավ հարթակ է ստեղծվել»:
Դավութօղլուն ասել է. «Մեր համատեղ ջանքերը ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանն ու Հարավային Կովկասի մյուս խնդիրների լուծմանը: Մտադիր ենք հետագայում ևս զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, համատեղ ջանքեր կգործադրենք՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նորմալացնելու հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունները»: