Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:
Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ոչ Հայաստանի նախագահը և ոչ էլ արտգործնախարարը այդ պահին որևէ կերպ չառարկեցին Նազարբաևին:
«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար: Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում՝ առաջին հերթին Ռուսաստանին, որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չեն ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:
Հարցը դրանով միանգամից կփակվեր, նույնիսկ կբարդանար ընդհանրապես փաստաթղթի ստորագրումը», - համոզված է ընդդիմադիր գործիչը:
Միաժամանակ, նա շեշտել է, որ «շատ մեծ հարցականի տակ է՝ կկայանա այս ամեն ինչը, թե ոչ, որովհետև Ռուսաստանը իրականում՝ թե՛ Չինաստանի հետ իր մեծ պայմանագրով, թե՛ այս ամեն ինչով, փորձում է ավելի շատ աղմուկ և տպավորություն ստեղծել, թե իր շուրջն ինչ-որ համախմբում կա, քան իրականում է»: