Թբիլիսիում կայացած հանդիպմանը Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության ձևաչափին` հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Համագործակցությունը կծառայի մեր զինված ուժերի ուժեղացմանը և տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է Ալասանիան՝ ընդգծելով, որ արդեն կա երեք երկրների համագործակցության հաջող օրինակ՝ խողովակաշարերի անվտանգության ապահովումը:
Ալասանիայի խոսքով՝ Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը նպաստում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ ներդրում ունենան Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Տարածաշրջանի անվտանգության հարցերում նա հիմնական շեշտը դրել է կայունության, անվտանգության ապահովման ու տրանսպորտային ներուժի զարգացման վրա, առանձնացրել գազամատակարարման «Հարավային միջանցք» ծրագիրը, որը նախատեսում է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպա՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թվականին: Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև վրաց-ադրբեջանական երկկողմ ռազմական համագործակցության մասին՝ նշելով, որ «այդ հարաբերությունները կարող են ակտիվացվել»։