Թուրքական կողմի նախաձեռնությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում: Էրդողանն ու Պուտինը մտքեր են փոխանակել ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նախագահական ընտրությունների համատեքստում: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է Կիևի իշխանությունների գործողություններից երկրի հարավ-արևելքում և հույս հայտնել, որ ՈՒկրաինայի նոր իշխանությունը կդադարեցնի ուժային գործողությունները, ուղիղ երկխոսություն կսկսի շրջանների ներկայացուցիչների հետ: Թուրքիայի վարչապետը, ըստ Կրեմլի հաղորդագրության, դրական է գնահատել ՌԴ նախագահի որոշումները Ղրիմի թաթարների վիճակը բարելավելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են կապ պահպանել այս հարցերը քննարկելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև սիրիական ճգնաժամը: