Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում՝ հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։ Օլանդը պատրաստ է Ֆրանսիայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին։ «Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու նպատակին և ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երկու երկրները ապագայում ապրեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պայմաններում»,- ասել է դեսպանը։ Նա նաև շեշտել է, որ 20-ամյա հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր։