ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվելու Բրազիլիա, եթե նրան նման հնարավորություն տրվի: Այդ մասին նա հայտարարել է բրազիլական «Globo» հեռուստաալիքի եթերում: Նա վստահեցրել է, որ երբեք որևէ երկրի գաղտնի փաստաթղթեր չի առաջարկել ապաստանի տրամադրման դիմաց: Բացի դրանից, Սնոուդենն ընդգծել է, որ Ռուսաստանում ինչ-որ առումով հայտնվել է պատահական: Նա հիշեցրել է, որ իրեն տրամադրված ապաստանի ժամկետը լրանում է այս օգոստոսին: «Եթե Բրազիլիան ինձ ապաստան առաջարկի, ես ուրախությամբ կընդունեմ այդ առաջարկը: Ես շատ կուզենայի ապրել Բրազիլիայում»: Սնոուդենն ասել է, թե Ռուսաստանը իդեալական երկիր չէ: Նա հիշեցրել է, մասնավորապես, ինտերնետի և մամուլի նկատմամբ առկա գրաքննության մասին, սակայն ասել է նաև, որ ավելի լավ է գտնվել Ռուսաստանում, քան բանտում: Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երկրից փախուստի ճանապարհին ի վերջո հայտնվել է Ռուսաստանում, որտեղ և ապաստան է ստացել: