ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, շարունակելով իր տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, Բաքվից ժամանել է Վրաստան: Նա այցելել է Վրաստանի՝ Հարավային Օսիայի վարչական սահմաններին հարող հատվածները, որտեղ գովեստով է խոսել ԵՄ մոնիթորինգի խմբի աշխատանքի մասին: Հետո նա հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ:
Պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին: