Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում` հավաքելով 89 տոկոս ձայն: Երկրի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ մասնակցությունն ընտրություններին կազմել է 73 տոկոս: Դատարանի մամլո քարտուղարի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ավելի քան 11 մլն մարդ` Սիրիայում և նրա սահմաններից դուրս: Բաշար Ասադը նախագահի պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ: Նախագահի պաշտոնավարության ժամկետը Սիրիայում յոթ տարի է:
Սիրիացի լրագրողների մեկնաբանմամբ` մասնակցության թիվը չափազանցված է, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել միայն կառավարության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում: Շրջաններում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ, մարդիկ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայում տեղի ունեցած ընտրություններն «անիմաստ» են, և Վաշինգտոնը մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները, քանի որ միլիոնավոր ընտրողներ հնարավորություն չեն ունեցել քվեարկելու: Չնայած դրան, մայրաքաղաք Դամասկոսում Ասադի կողմնակիցները նշել են նրա հաղթանակը, որն ուղեկցվել է կրակոցներով: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հաղորդել է, որ այդ կրակոցների արդյունքում սպանվել է առնվազն երեք մարդ: