Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լույսը վաղուց էր բացվել: Բենոն անշտապ մոտեցավ պատի տակի չեչոտ քարին, նստեց, մի երկու հերթապահ նյարդային շարժում անելով հարմարվեց, թեև քարը վաղուց հարմարվել ու հաշտվել էր իր հետ: Քթի տակ մի քանի հայհոյախառը բառ շռայլեց իրեն գործից հանողի շատ կոնկրետ հասցեով, վառեց խանութում վաճառվող ամենաէժան և զզվելի ծուխ հանող սիգարետը: Ի՞նչ ուներ շտապելու... Օրը երեք տուփ ծխում է, առնվազն երկու տուփն ուղեկցվում էր հայհոյանքով, հիմնականում` «Ինձ կրճատողի...»:
-Այ Բենո ջան, թարգի՛ ծխելը: Ախր, չես աշխատում, հլա մի հաշվի, թե ամիսը քանի հազար դրամ է անում: Էդ փողով գոնե լույսի վարձը կփակենք, համ էլ էդ սիգարետից շան հոտ է գալիս... Հետո երեխեքը էլ օգնել չեն կարող, մեղք են: Մեծ տղեդ դեռ Եվրոպայում փախստականների ճամբարում է, ասում են` պիտի, մեղա՜ Աստծու, հոմոսեքսուալիստ լինի, որ գործերը հաջող գնան: Բա էդ պետությունը չի ամաչո՞ւմ։ Փոքր տղեդ ու հինգ երեխատեր աղջիկդ էլ ամեն ամիս չեն կարող գյուղացի ծնողներին յուղի ու պանրի փող ուղարկել, մեկը լինի` իրենց տա,- ամեն առավոտ Զվարթը վաղուց անգիր արած տեքստը, որպես կանացի պարտականություն, հրամցնում էր ամուսնուն, հետո կանչում` ատամի տակ մի բան գցելու: Իսկ մինչև կեսօրվա ճաշը, Աստված ողորմած է, մի բան ձեռքի հետ կստեղծի:
-Ախր, Զվարթ ջան, դարդերս խեղդում եմ ծխելով, մեկ-մեկ էլ որ հաջողվում է` մի երկու բաժակ խմում եմ, սիրտս չի պայթում: Ես չէ, դու ասա` ո՞նց թարգեմ։
Զվարթը տեղավորվեց կողքի քարին: Կինը գոմից էր եկել: Էդ անտեր խոզահոտը կպել էր շորերին։ «Էն տավարի ու ոչխարի հոտը էլի ոչինչ, բայց խոզինը անտանելի է»,- կնոջը լսելի մտմտաց Բենոն և համարյա վճռեց, որ եկող աշուն խոզերի քոքը կկտրի:
-Ա՛յ Բենո, էս խոզերը որ չլինեն, դու տունուտեղ, կնիկ պահո՞ղ ես, հիմա տանտերը սրանք են,- ամուսնուն խեթ նայեց Զվարթը:
Բենոն ամաչեց խոզերից, մտքում ներողության պես մի բան խնդրեց, կրկին հաշտվեց էն հոտին, որ արդեն մեկ տարի կպել ու պոկ չի գալիս կնոջ հագուստից և նույնիսկ մերկ մարմնից: Ի՞նչ արած, Զվարթի ֆրանսիական դուխին հիմա խոզահոտն է:
«Տեսնես էդ Փարիզի փափուկ կանայք, որ մի երկու անգամ հայկական կարգին խոզահոտ առնեն, ողջ կմնա՞ն: Ամենաքիչը, երևի, կբաժանվեն,- Բենոն մտքում արդեն ֆրանսուհիների հետ էր, Էյֆելյան աշտարակի գլխապտույտ ռեստորանում շամպայնի բաժակն էր դատարկում բարակիրան փարիզուհու հետ... Բենոյի անհանգիստ միտքը, թեև վախվորած, բայց անգամ հյուրանոցի սենյակը հասավ, մի անգամ էլ փարիզուհու ականջին հայավարի քնքշությամբ շշնջաց. «Քուր ջան, շեղշե լա ֆամ...»: Հիշեց, որ ֆրանսերեն մի բառ էլ գիտի` մերսի. էդ բառը թող մնա ամենավերջում. «Քուր ջան, մերսի, մերսի, մերսի»: Թող չմտածի` անգրագետ եմ: Բայց դե, էդ գործում շատ խոսելն էլ մի բան չի»,- ինքն իրեն հանգստացրեց Բենոն:
Կարծես ամեն ինչ տեղն էր. մեկ էլ` Զվարթի սթափեցնող ձայնը մուրճի պես իջավ Բենոյի գլխին.
-Այ Բենո, էդ խոզերի բեղմնավորման շրջանն է, դրանք մարդու նման չեն, պետք է շա՜տ ուշադիր լինենք,- մի քիչ քնքշացավ Զվարթը` մտքում համեմատելով...
Փարիզյան ճամփորդությունն ավարտվեց հայաստանյան սուր խոզահոտով։ Բենոն, միտքը լարելով, հիշեց քչով երբեք չկշտացող պաշտոնավորների հայտնի խոսքը` ըմբռնումով մոտեցեք։ Էդպես էլ արեց` ըմբռնումով հերթական անգամ կուլ տալով խոզահոտի նոր բուրմունքները։
-Բենո ջան, ոնց որ տեսնում եմ` ծխելը իմ ասելով չես թարգում, ասում են` եվրոպաներում շատ ձևեր կան: Թարգելու մի գաղտնիք ասեմ: Էն բուժքույրը, անմարդ Նազիկը, ոնց որ թե սիրահարվել է քեզ, մի քանի անգամ էլ քո առողջությունից է հարցրել։ Ասենք, որ պատահի ու հանկարծ քեզ կանչի, էդ սիգարետի շան հոտն էլ քո վրից գա, էդ քաղաքի աղջիկը բա քեզ բան կասի՞,- ամուսնու զգոնությունը կատակով փորձեց ստուգել Զվարթը: - Թարգի, է՛լի:
-Անգործ Բենոյին, ա՛յ Զվարթ, ո՞վ մարդատեղ կդնի,- կնոջ տարակուսանքը փարատեց Բենոն:
Զվարթը հանգիստ խղճով նորից գոմ շտապեց, իսկ քամին խոզահոտի նոր ալիք բերեց։
Թեյը կիսատ-պռատ խմելուց հետո Բենոն ամեն օրվա պես իջավ գյուղամեջ` մի բան լսելու: Մեկ էլ տեսար` մի գործ-բան մի տեղից ծլավ։
Բուժկետի կողքով անցնելիս` մեկ էլ դեմ դիմաց նկատեց բուժքույր Նազիկին:
-Բենո ջան, բարև, ո՞նց ես, առողջությունդ ո՞նց է,- սովորականից ջերմ ողջունեց բուժքույրը:
Նազիկը նրան շատ էր բարևել, բայց էս անգամ Բենոյի մարմնով մի տաք դող անցավ: Որտեղից որտեղ հիշեց կնոջ առավոտվա խոսքը. «Էն բուժքույր անմարդ Նազիկը ոնց որ սիրահարվել է քեզ...»:
«Կարո՞ղ է կինս կատակ չէր անում»,- մտքերը շուռումուռ տվեց Բենոն` վառելով երկրորդ տուփի առաջին սիգարետը:
-Ա՛յ Բենո ջան, ծխելը թարգի, շան հոտ է գալիս էդ սիգարետից, համ էլ ահագին փող կխնայես, գոնե լույսի վարձը կփակես,- բարեկամաբար խորհուրդ տվեց Նազիկը:
Ա՛յ էստեղ Բենոն լեզուն կծեց:
«Ըհը՜, ուրեմն կինս մի բան գիտեր և բերանից միամիտ թռցրեց, էլ կասկած չկա, երկուսն էլ նույն բանն ասին»,- համարձակության վերջին պաշարը հավաքեց Բենոն, ստուգողական մի կեսբերան հազաց, փորձեց հարմար բառեր գտնել Նազիկի սերը բորբոքելու:
Հաստատ Զվարթի համեմատ Նազիկը ֆրանսուհի է, վրայից ֆրանսիական դուխու անուշ հոտ է գալիս, կիսաբաց կուրծքը, սպիտակ ու փափուկ մաշկը...
Բենոն մտքում մաղձոտ հայհոյեց. «Ես բախտ բաժանողի...»:
-Նազիկ ջան, էս անտեր կրծքիս կողմերում մեկ-մեկ ծակոցներ եմ ունենում, չգիտեմ` ինչից է,- հուզմունքը թաքցնելով հազիվ շշնջաց Բենոն:
-Վա՜յ, Բենո ջան, արի բուժարան, հենց հիմա քեզ մի լավ կտնտղեմ,- կարճ կապեց Նազիկն ու Բենոյի հետ ներս մտավ:
-Բլուզդ հանի՛, պառկի էս չոր թախտին,- ժպիտով առաջարկեց բուժքույրը:
Արյունը խփեց Բենոյի գլխին։ Թե որ մտքին ուրիշ բան լիներ, չէր կոնկրետացնի` մենակ բլուզը: Բայց ինչո՞ւ ժպիտով շեշտեց` չոր թախտին... Բենոն հիշողությունը փորփրեց` մտաբերելու, թե Նազիկի ամուսինը երբ է մահացել։ «Մեկ տարի. ահագին ժամանակ է, դե, ինքն էլ սիրուն ու ջահել կին է, համ էլ` չբեր... Հաստատ կինս ճիշտ է, բերանից միամիտ թռցրեց: Կնկա բերանը գաղտնիք պահելու ամենաանհարմար տեղն է»: Բենոն իրեն լավ զգաց փիլիսոփայական իր բնատուր ընդունակության համար. «Վա՜յ, բախտ բաժանող...»:
Նազիկը սկզբում լսեց Բենոյի թոքերը` փափուկ ափերը սեղմելով մեջքին։ Թեև տղամարդիկ սովորաբար մեջքից խուտուտ չեն առնում, բայց Բենոն ցույց տվեց, թե իբր հաճելի խուտուտ զգաց։
-Այ Բենո ջան, ծխելը թարգի, գիտե՞ս ոնց կպնդանաս: Համ էլ` էդ սիգարետից շան հոտ ա գալիս,- Բենոյի վրա թեքված կրկին խորհուրդ տվեց Նազիկը:- Հիմա պառկիր մեջքի վրա, սիրտդ լսեմ:
Բենոն նկատեց բուժքրոջ կրծկալից կիսով չափ դուրս եկած ստինքները: Կրծքի՞, թե՞ ուժեղ օծանելիքի հոտն էր` Բենոն թեթև գլխապտույտ զգաց, աչքերը մի թեթև մշուշվեցին, սրտի զարկերն արագացան։
-Թեև հիմա շատ արագ է զարկում, բայց հրաշալի սիրտ ունես,- հանգստացրեց Նազիկը:
«Էդ որ ասեց` հրաշալի սիրտ ունես, տեսնես կոմպլիմենտ է՞, թե՞ դիագնոզ,- մի նոր մտածմունքի մեջ ընկավ Բենոն:- Քանի պառկած եմ, մի բան էլ ես ասեմ...»: ՈՒզում էր ֆրանսուհիներից հարցնել, բայց խոսքը բերանում մնաց:
-Բենո ջան, նստիր, ձեռքդ տուր, զարկերդ հաշվեմ։
Բենոն մեքենայաբար երկու ձեռքը մեկնեց բժշկուհուն: Նազիկը ձախ ձեռքի զարկերակը շոշափեց... Բենոն աչքերը փակել էր և աջ ձեռքը, իբր չնկատելով, պատահաբար դրեց Նազիկի բացված ազդրին: Սրտի զարկերն ավելի արագացան, բայց ձեռքը հետ չքաշեց: Սպասում էր Նազիկի ռեակցիային: Զգաց, որ Նազիկի սրտի զարկերն էլ ուժեղացան, նույնիսկ լսում էր թփթփոցը, բայց ոտքը չէր քաշում։
-Բենո ջան, ի՞նչ զգացողություն ունես:
-Ես էլ չգիտեմ, Նազիկ ջան, ոնց որ ես ես չեմ,- փորձեց անկեղծանալ Բենոն` ափը դեռ թողնելով բժշկուհու սպիտակ խալաթի բացվածքից մերկ ազդրին:
-Բենո ջան, դեղ կտամ, էսօր խմիր, վաղը կեսօրին անցիր, նորից ստուգեմ,- զննումը ավարտեց Նազիկը` ազդրը թաքուն ափսոսանքով ազատելով Բենոյի ձեռքի հաճելի գերությունից:
Բենոն կնոջը ոչինչ չասաց բժշկուհուն անակնկալ այցելությունից, բայց կեսբերան հասկացրեց, որ գլուխը մի քիչ ցավում է, երևի գլխացավի մի երկու հաբ մի տեղից ճարի, կուլ տա... Ի՞նչ իմանաս, կարող է կողքից մեկը նկատած լինի բուժարան մտնելը կամ դուրս գալը: Կանայք բաց չեն թողնում մխիթարական թեմաներով հարց ու փորձ անելու առիթը հատկապես սուրճի ժամանակ: Էդ անտեր սուրճն էլ կնոջ բամբասանքի մուսան է։
Բենոն գիշերը անհանգիստ էր, շուռումուռ էր գալիս, վախեցավ քնել. «Ախր, սատանի բան է, մեկ-մեկ երազում բարձր խոսում եմ, բա որ բերանիցս մի բառ թռցնե՞մ»: Աչքերը փակեց` իբր քնած է։ Կինը վերմակի տակից ամեն անգամվա պես ոտքը Բենոյի կողմը կամաց սահեցրեց... Բենոն սովորականի պես ոտքը չշարժեց` խոր քնած է... «Մեղք է, աշխատանք չունի, շատ է մտածում, թող հանգիստ քնի»,- ոտքը կամաց հետ քաշեց կինը։ Բենոն զգաց, որ խոզահոտը պինդ կպել է Զվարթի մերկ մարմնին. ախր օրը երկու-երեք անգամ լողանալը մեծ շռայլություն կլինի, խոզի բերած եկամտի կեսը հո բաղնիքի վրա չե՞ն ծախսելու։
Առավոտյան նույն ժամին Բենոն նստեց իր չեչոտ քարին, բայց ամենօրյա հերթապահ շարժումները չարեց: Հանեց սիգարետի տուփը, սովորականից ավելի մեղմ հայհոյանք տվեց, ուզեց կպցնել։ Հանկարծ Նազիկի փափուկ ձեռքի հպումը հիշեց. «Բենո ջան, ծխելը թարգի, էդ սիգարետից շան հոտ է գալիս...»: Նայեց կողքերը, մեղավորի պես սիգարետը դրեց տուփի մեջ։ «Բա որ Զվարթը տեսնի չեմ ծխում, ո՞նց բացատրեմ,- անհանգստացավ Բենոն ու սիգարետն առանց վառելու դրեց բերանը:- Ավելի լավ է իջնեմ գյուղամեջ: Բայց դե, իմ ժամը չէ, իզուր կասկածներ կառաջանան»:
Վերջապես ժամացույցի սլաքները հայտնվեցին ցանկալի դիրքում: Քայլերն ուղղեց բուժարան: Զգաց, որ այսօր ոնց որ թե մի քիչ գողեգող է քայլում: Համարձակություն հավաքեց, բուժարանն արդեն տասը-տասնհինգ քայլի վրա էր։
-Բենո ջան, մեջքի վրա պառկիր` սիրտդ ստուգեմ,- ջերմ բարևից հետո ասաց բժշկուհին:
Բենոն, վերնաշապիկը շտապ հանելով, նախորդ օրվանից ավելի համարձակ պառկեց: Նազիկը երեկվանից ոնց որ թե ավելի շատ է թեքվել, կրծքերն էլ գրեթե Բենոյի քթին էին կպչում: Կրծկալը մի քիչ էլ բացվեց: «Ոնց որ բախտս էլ է բացվում»,- տղամարդկությունը եռաց Բենոյի երակներում:
-Բենո ջան, ձեռքերդ ոնց ուզում ես շարժիր,- շշնջաց Նազիկը` լսող սարքը հպելով մազոտ կրծքին:
Բենոն չհասկացավ, թե ինչ շարժումներ արեց, բայց մի քանի վայրկյան անց Նազիկը հայտնվեց իր գրկում... Երկուսի սրտի զարկերն էլ թեև արագ էին, բայց` միանման...
Կես ժամ անց Նազիկը բաց կրծքով զգաց, թե Բենոյի սրտի զարկերն ինչքան հանգիստ են ու հավասարաչափ։
-Բենո ջան, էն իմ տված դեղերը էլ չխմես,- աչքերը փակ, Բենոյի տաք շնչառությունը վայելելով, ասաց վաղուց տղամարդ չտեսած Նազիկը:
-Համ էլ` ծխելը թարգել եմ,- ավելի քնքշացավ Բենոն։
«Շաբաթը մի քանի անգամ գալու եմ բուժման։ Լավ է, որ բուժարանի մուտքը շենքի հետևի կողմից է, նայողներ գրեթե չկան: Հերիք է աշխարհի կողքով անցնեմ»,- մտքում հաստատ վճռեց Բենոն: ՈՒզում էր ամենօրյա հայհոյանքը հիշել` ես բախտ բաժանողի, էս անգամ որոշեց բախտ բաժանողին հանգիստ թողնել։
-Այ կնի՞կ, բա չես ասի` ծխելը թարգել եմ,- երեկոյան Զվարթին ասաց Բենոն` մի կերպ թաքցնելով շփոթմունքը:
Կինը տարակուսանքով պատասխանեց. «Խելքս բան չի կտրում»:
Գիշերը Բենոն աչքերը փակեց` թեև արթուն էր: Զվարթը մի երկու անգամ ոտքով ստուգողական շարժում արեց, Բենոն դարձյալ խոր քնած էր: «Էս Բենոյի հետ մի բան կատարվում է, գլխի չեմ ընկնում, վաղը հլա հետևեմ»,- մի մութ կասկած ընկավ Զվարթի սիրտը:
Մինչև լույս շուռումուռ եկավ, բան չհասկացավ: Առավոտվա կողմը` մութուլուսին, էլի մի ստուգողական ոտնաշարժում արեց, Բենոն դարձյալ խո՜ր քնած էր...
-Բենո ջան, քույրս զանգեց, իրեն վատ է զգում: Հակառակի պես խմորը շաղել է, գնամ իրենց հացը թխեմ, մի քիչ էլ լվացք կա անելու, պրծնեմ, իրիկունը կգամ: Ճաշն էլ պատրաստել եմ, սոված չմնաս,- առավոտյան չեչոտ քարին առանց սիգարետի նստած ամուսնուն քաղցրությամբ հրաժեշտ տվեց կինը:
Կեսօրին Բենոն փայլող աչքերով մտավ բուժարան: Չնկատեց, որ դիմացի հաստաբուն ծառի հետևից կանացի զույգ աչքեր իրեն էին հետևում։ Մի քանի րոպե անց Զվարթը մոտեցավ բուժարանի դռանը: Փակ էր, վարագույրն էլ` քաշած: Շոշափելով` բռաչափ մի քար գետնից վերցրեց և` ուղիղ պատուհանին: Ջարդված մասից մի ակնթարթ տեսավ կիսամերկ ամուսնուն ու բուժքրոջը...
Զվարթը խելագարի պես վազում էր դեպի տուն` հայհոյանքների շարքում մեկ-մեկ էլ հիշելով ամուսնու խոսքերը. «Այ կնի՞կ, ծխելը թարգել եմ»:
Բենոն գիշերով տուն մտավ։ Կինը որոշել էր երեխաներին կանչել քաղաքից։ Մի քանի ժամ հեռախոսի լսափողը ափի մեջ էր, չէր ուզում փշրել նրանց ընտանիքների խաղաղությունը, թոռների ուրախությունը։ Ախր ի՜նչ տառապանքով են դա ստեղծել: Արժե՞ր մի վայրկյանում փշրել այդ ամենը` դրա դիմաց ոչինչ չստանալով։ Իհարկե, Բենոն կպատժվի, իր սիրտն էլ մի քիչ կհովանա, բայց հետո զավակների համար ավելի կմորմոքի։ Գուցե ժամանակը կորոշի...
Լույսը բացվելու վրա էր: Զվարթն ինքն իրեն համոզեց, որ առայժմ շտապել պետք չէ, զավակների ընտանեկան անդորրը իր համար ավելին է։ Բենոն փշրված էր ապակու նման... Պիտի կտոր-կտոր հավաքի փշուրները, մի կերպ կպցնի` նույն հարկի տակ ապրելու համար: Լռությունը երկուսին էլ հասկանալի էր։
«Ավարտվեց լուրերի առավոտյան թողարկումը,- լռությունը լցրեց ռադիոյի հաղորդավարուհին:- Իսկ այժմ կլսեք հոգեբանական թեմայով զրույց` «Ներումի և հաշտության ամենաարդար դատավորը ժամանակն է»: Սիրելի ռադիոլսողներ, եվրոպական ամենահայտնի վիճակագրական կազմակերպության տվյալներով` տղամարդկանց 70-80 տոկոսը հակված է սիրավեպերի...»:
Բենոն վերմակի տակ ձգվեց` ես բախտ բաժանողի: Զվարթը, խեթ-խեթ նայելով ռադիոյին, մտքում ֆշշացրեց. «Տես, է՞, ողջ աշխարհն է փչացել»։ Հետո փշրված սրտով գոմի շորերը հագավ ու գնաց խոզերին կերակրելու։
«Սիրելի ռադիոլսողներ, իսկ այժմ` գովազդ,- լռությունը կրկին լցրեց ռադիոյի հաղորդավարուհին:- Եթե ցանկանում եք Ձեր սիրած էակին կանանց տոնի առթիվ երջանկություն պարգևել, գնեք ֆրանսիական օծանելիք` մեկ տուփը ընդամենը 200 դոլարով»:
-Համարյա մի խոզի գին է,- անկողնում տնքոցով շուռումուռ եկավ Բենոն` ըմբռնումով շնչելով բաց պատուհանից վայրենաբար ներխուժող խոզահոտի նոր ալիքը: Աչքերը կատաղությունից փակեց։ Սատանի պես, Նազիկի ճերմակ մարմինը հայտնվեց, նույնիսկ ֆրանսիական դուխու հոտն առավ։ Նա մի քանի անգամ գալարվեց անկողնում, գրկեց բրդե ծանր բարձը. «Տե՜ր Աստված, մի՞թե ողջ կյանքում...»:
Հաղորդավարուհին կրկին կտրեց Բենոյի մտքի թելը. «Սիրելի ռադիոլսողներ, վերջերս մի հեղինակավոր թերթ սենսացիոն հայտարարություն է արել` ֆրանսուհիները շոկոլադը գերադասում են սեքսից...»։
-Վա՛յ, բախտ բաժանող, սեքսը ում են տվել, ախորժակը` ում։ Էս ո՞վ է բաժանել էսքան անարդար,- վերմակը վրայից շպրտեց Բենոն և կատաղորեն սկսեց հագնվել։
Լույսը վաղուց բացվել էր: Բենոն նստեց իր չեչոտ քարին, նախկինի պես անհանգիստ շարժումներ արեց հարմարվելու համար, հանեց պատի ճեղքում պահած ծխախոտի կիսատ տուփը, վառեց, ծուխը զզվանքով ներս քաշեց ու սկսեց սովորականից ավելի թունդ հայհոյել. «Ինձ կրճատողի...»:
-Բարի լույս, Բենո,- կողքի քարին տեղավորվեց հարևանը։- Ասում են` էս գիշեր բուժքույր Նազիկը սուսուփուս քոչել է ուրիշ տեղ, պատճառը մարդ չգիտի...
Բենոյի մարմնով սառը դող անցավ, սիրտը սեղմվեց:
-Երևի էս գյուղից զզվեց, գնաց մարդավարի ապրի,- հարևանի հարցական աչքերին նայեց Բենոն: Արցունքի երկու ծանր կաթիլ աչքերին չհասան, միանգամից սիրտը գնացին` «Ներիր, Նազիկ, ների՜ր»:
Թեթև քամին գոմից խոզահոտ բերեց։ Բենոն տնքոցով կրկին հիշեց Փարիզը, ֆրանսուհիներին... Հե՜յ գիդի, ֆրանսիական դուխի, հայաստանյան խոզահոտը քեզնից ուժեղ է։
Բենոն նորից ծխում էր, արդեն` օրական չորս տուփ։