ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է Ռուսաստանի ներկայացուցչի` ՈՒկրաինա այցելության վերաբերյալ, որպեսզի սկսեն բանակցությունները ՈՒկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ: Այդ մասին Պորոշենկոն լրագրողներին հաղորդել է` կապված Ֆրանսիա կատարած իր այցելության արդյունքների հետ: Պորոշենկոյի խոսքով` բանակցությունները կսկսվեն արդեն այս կիրակի` հունիսի 8-ին: ՈՒկրաինայի նախագահը նկատել է, որ բանակցությունների ժամանակ մթնոլորտը թեև շատ լարված էր, սակայն բանակցության փաստն ինքնին արդեն դրական պետք է գնահատել այն առումով, որ երկխոսությունը սկսված է: Պորոշենկոն ասել է նաև, որ մոտակա ժամանակում ՌԴ-ն հայտարարության կանի ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների ճանաչման վերաբերյալ: «ՈՒկրաինա կգա Ռուսաստանի ներկայացուցիչը, որի հետ մենք կքննարկենք իրավիճակի կարգավորման առաջին քայլերը և ծրագիրը, որը ես առաջարկել եմ որպես նախագահ և որը նախատեսում է մի շարք քայլեր` ՌԴ-ի կողմից, և մի շարք քայլեր` ՈՒկրաինայի կողմից»,-ասել է Պորոշենկոն: