Օրերս ավարտվեց Ռուսաստանի տնտեսության նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի այցը Բաքու: Բացի տնտեսական հարաբերություններից՝ ռուս նախարարը անսպասելի առաջարկություններով է հանդես եկել Ադրբեջանին՝ միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: «Ադրբեջանն արդեն օգտվում է ԱՊՀ ազատ առեւտրի ռեժիմից, եւ տրամաբանական կլիներ, որ այդ երկիրը միանար Եվրասիական տնտեսական միությանը, որը Եվրասիական տարածքում Եվրոպական միության տիպի միավորում պետք է լինի»,- նշել է նա:
Ուլյուկաեւը լրագրողներին ասել է, որ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է շատ խնդիրներ, այդ թվում՝ նաեւ քաղաքական, եւ շեշտել է, որ ադրբեջանական ղեկավարությունը ուշադրություն է դարձրել տարածաշրջանում ամենադժվար եւ չլուծված խնդրին: Ուլյուկաեւը շեշտել է, որ «ըստ ռուսական կողմի՝ չկա այնպիսի խնդիր, որ հնարավոր չլինի լուծել»:
Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շախին Մուսթաֆաեւը հայտարարեց, որ Ադրբեջանը նպատակ չունի միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Վերլուծաբանները նշում են, որ այս խնդիրների քննարկումն ավելի լայն կոնտեքստով Ռուսաստանն առաջին անգամ է դնում Ադրբեջանի առաջ: