ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԵՄ դիրքորոշումը «Հարավային հոսք» գազամուղի վերաբերյալ: «Վերջերս ԵՄ իշխանությունները հայտարարեցին, որ «Հարավային հոսքի» վերաբերյալ բանակցությունները կասեցվելու են, քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչում Կիևի իշխանություններին: Դուք դա համարում եք կառուցողակա՞ն»,- ասել է Լավրովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկի Տուոմիոյայի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում: Նա տարակուսած է եվրոպացի գործընկերների դիրքորոշումից. «Հասկանալի չէ, թե մեզնից ի՞նչ են ուզում»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նա վստահ է, որ «որոշ երկրներ, որոնց հնարավոր չէ կասկածել Ռուսաստանի ու ԵՄ-ի համագործակցությամ զարգացումը ցանկանալու մեջ, մտադիր են խանգարել ՌԴ և ԵՄ-ի բանակցություններին՝ առաջադրելով «նոր էներգետիկ ռազմավարության» գաղափարը: Սակայն նախարարը կարծում է, որ «էներգաերկխոսության ձեռքբերումները բավականին ազդեցիկ են, այդ թվում «Հյուսիսային հոսքը», որ էականորեն ամրապնդել է ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը»: Հունիսի 8-ին Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հայտարարել էր, որ Սոֆիան դադարեցնում է «Հարավային հոսքի» շինարարությունը Եվրահանձնաժողովից ստացված հարցումի պատճառով: «Բրյուսելի հետ լրացուցիչ խորհրդակցություններից հետո պարզ կդառնա աշխատանքների հետագա ընթացքը»,-ասել է Բուլղարիայի վարչապետը: ԵՄ-ն պահանջել է դադարեցնել «Հարավային հոսքի» աշխատանքները հունիսի 4-ին: Եվրահանձնաժողովը համարում է, որ նախագիծը չի համապատասխանում երրորդ էներգափաթեթի պահանջներին և մեղադրել է Բուլղարիային ենթակառույցների նախագծերում շինարարական մրցույթների նորմերը չպահպանելու և ռուսական ու բուլղարակական ընկերություններին առանձնահատուկ հնարավորություններ տրամադրելու մեջ: «Հարավային հոսք» գազատարի խնդիրն է գազը փոխադրել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Սլովենիայի, Իտալիայի տարածքով, շինարարությունը սկսվել է 2012-ի դեկտեմբերի 7-ին Անապայից և պիտի ավարտվեր 2015-ի վերջին: Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 60 միլիարդ խորանարդ մետր է: