ԵՄ-ն պատրաստ է լուրջ փաստաթղթի ՀՀ-ի հետ, բայց դա ռուսական ճնշումների հաջորդ ալիքը կբարձրացնի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագա մոդելին ու Արևելյան գործընկերությանը:
Նա կարծում է, որ երբ ՈՒկրաինան, Վրաստանն ու Մոլդովան վերջնականապես ստորագրեն Ասոցացման համաձայնագրերը, Արևելյան գործընկերությունն այլ տեսք կստանա. այն երկրների համար, որոնք արդեն ստորագրած կլինեն ԱՀ/ԽՀԱԱԳ-ն, կգործի ինտեգրացիոն այլ արագություն, իսկ այն երկրների դեպքում, որոնք հրաժարվել են ԱՀ-ից, այլ արագություն է գործելու: Այն երկրները, որոնք հայտնվելու են երկրորդ խմբում, այսինքն՝ չեն ասոցացվելու Եվրոպայի հետ, տարբեր են, հավակնություններն այդ երկրների ևս տարբեր են, քանի որ մենք խոսում ենք Բելառուսի, Հայաստան ի և Ադրբեջանի մասին, որոնցից յուրաքանչյուրի հարաբերությունները ԵՄ-ի հետ տարբեր են:
«Բելառուսը մասնակցում է եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, հետսովետական տարածքում վերաինտեգրացիոն պրոյեկտներին, Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը բավական ամուր է էներգետիկ ոլորտում։ Իսկ Հայաստանն այլ պատմություն է, քանի որ ձգտում էր լինել ԱլԳ առաջին խմբում, այնինչ անակնկալ կերպով Սերժ Սարգսյանը որոշեց, որ եվրասիական պրոյեկտներն ավելի հետաքրքիր են։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ձգտելու են հարթել հարաբերությունները ԵՄ-ի հետ ստանալու համար հատուկ հարաբերություններ՝ ավելի առաջմղված, քան Ադրբեջանն ու Բելառուսը: Կարծում եմ նաև, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ ընդառաջ կգնա այդ սպասումներին, ԵՄ-ի կողմից պատասխան քայլ կլինի այդ ակնկալիքներին»,- ասաց լեհաստանցի փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը կլինի եվրասիական պրոյեկտներում, բայց կշարունակի հարաբերությունները Եվրոպայի հետ: Ըստ նրա, ՀՀ անդամակցությունն այդ պրոյեկտներին տնտեսական իմաստով ձևական է, իսկ ՀՀ քաղաքական զբաղվածությունն այդ պրոյեկտներում լինելու է այնքան, որ Հայաստանը կարողանա պահպանել հավասարակշռությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Հարցին, թե Հայաստանը ԵՄ-ից հնարավորություն կստանա՞ ստորագրել մի փաստաթուղթ, որը կունենա քաղաքական նշանակություն, նա պատասխանեց, որ դժվար է ասել, քանի որ եթե ԵՄ-ն նման լուրջ առաջարկով հանդես գա, կնշանակի, որ կարելի է սպասել Կրեմլի արձագանքին: «Ինչպես մենք տեսնում ենք, Ռուսաստանը բարձր նյարդայնությամբ է ընդունում, բայց ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ կլինեն, այդ թվում՝ ԼՂ հարցի միջոցով, և Երևանի յուրաքանչյուր իշխանություն կհրաժարվի լուրջ որևէ փաստաթղթից»,- ասաց լեհ փորձագետը: