Ռուսաստանի Դաշնության հարևանները մեծացող ճնշման տակ են հայտնվել, ինչո՞ւ է Ադրբեջանն ընտրել ԱՄՆ-ի կառավարության հետ պայքարի մեջ մտնելը, սա է գլուխկոտրուկը, գրում է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը carnegie.ru-ում:
Նրա կարծիքով՝ Արևելյան ՈՒկրաինայում Ռուսաստանի վերջին գործողությունների համապատկերում տրամաբանական էր, որ Ռուսաստանի մյուս հարևանները ձգտեն աջակցություն ստանալ այլ միջազգային գործընկերներից, ինչպես Վրաստանը և Մոլդովան են ձգտում Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանն անցել է ճնշումների՝ ուղղված հատկապես մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների, արևմտյան ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների դեմ:
Դրան հետևել են ԱՄՆ-ից և ԵՄ-ից քննադատական հայտարարությունները, հունիսի 11-ին Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում լսումներ են եղել Ադրբեջանի վերաբերյալ: Երբ արևմտյան պաշտոնյաներն ահազանգ են հնչեցրել, նրանց մեղադրել են «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար»: Բացի այդ, երկրի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը դատապարտել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի տված հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը՝ մեղադրելով նրան Ադրբեջանում «Մայդան» հրահրելու փորձի համար:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են ամուր մնալ, սակայն Ադրբեջանը ՄԱԿ-ում քվեարկել է հօգուտ ՈՒկրաինայի և Ռուսաստանի դեմ:
Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Պենտագոնի հետ, սակայն ինչ վերաբերում է Վաշինգտոնին, այնտեղ նրա կյանքը բարդացնում է հայկական լոբբին, որի հակաադրբեջանական ուղերձներն ավելի են ուժեղացնում Ադրբեջանի վերջին գործողությունները։
«Վերջին ճնշումների ամենապարզ բացատրությունը կարող է լինել այն, որ տասնամյակից ավելի լինելով իշխանության ղեկին՝ նախագահ Իլհամ Ալիևը և նրա մերձավոր շրջապատն այնքան պարանոյիկ են և մեկուսացված, որքան ենթադրում են նրանց գործողությունները»,- գրում է Թոմաս դե Վաալը՝ հավելելով, որ ԱՄՆ-ին Ադրբեջանում ազդեցությունը պահպանելու համար հարկավոր է մարդկանց գտնել, ովքեր կկարողանան «անցնել պալատի հաստ պատերի միջով»։