ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հետևել Գերմանիայի օրինակին և պետության ղեկավար նշանակել կնոջ։ «Այդ հարցում մենք բավականին հետ ենք մնում Գերմանիայից։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես մոտ ժամանակում կին ղեկավարի, և կանեմ հնարավորը, որ դա տեղի ունենա, թեև չգիտեմ՝ արդյո՞ք ես կլինեմ»,- ասել է Քլինթոնը գերմանական Stern ամսագրին տված հարցազրույցում։
Քլինթոնը հայտարարել է, որ հասկանում է Գերմանիայի բնակիչների վրդովմունքը իրենց երկրի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսման մասին լուրերից։
«Ես նույնպես կբարկանայի, ինչպես այժմ բարկացել են գերմանացիները։ Ես կպահանջեի, որպեսզի իմ ընկերն ու դաշնակիցն անմիջապես դադարեցներ գաղտնալսումները»,- հայտարարել է Քլինթոնը՝ նշելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև հետախուզական գործունեության մասին գրավոր համաձայնագիրը խնդիրը չի լուծի։