Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ԵՏՄ ձևավորման գործընթացին և ՀՀ եվրասիական ինտեգրացիային: Նա անդրադարձավ այն տեսակետներին, թե չի հաջողվում ձևավորել Եվրասիական միություն, և ձևավորվում է Եվրասիական տնտեսական միություն, որը չի եղել ՌԴ նախնական ծրագրերում: Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ որևէ մեկը քաղաքական խնդիր չի դնում, միայն տնտեսական: «Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: ՈՒ եթե ինչ-որ մեկը դրան էր սպասում, նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք հրապուրվելու և հիասթափվելու համար»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հայաստանի ինտեգրացիոն գործընթացում նա առաջիկայում անակնկալներ չի տեսնում. Ղազախստանը դեմ է լինելու, Ռուսաստանը՝ կողմ, Հայաստանը փորձելու է պայմանավորվել տնտեսությանը, արտոնություններին վերաբերող հարցերի շուրջ: Նրա համոզմամբ՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության գործընթացն արագ չի լինի:
«Հայաստանը գնալու է այդ ուղղությամբ, գործընթացը գնալու է այդ ուղղությամբ: Բայց ես չեմ կարծում, թե այդ անդամակցությունը ներկա պայմաններում և, տարբեր պատճառներից ելնելով, կարելի է ակնկալել մոտ ապագայում»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, թե դժվարանում է ասել՝ Հայաստանն ինչ բանաձևով կարող է միանալ ԵՏՄ-ին՝ ԼՂ-ի հետ մաքսակետո՞վ, թե՞ առանց: