«Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ, իհարկե, քննարկվել է և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ռուսաստանն ի սկզբանե այդ հարցում զբաղեցրել է հատուկ դիրքորոշում: Հակամարտության սկզբնական փուլում Ռուսաստանը նրա վրա ունեցել է նույնիսկ բացասական ազդեցություն»,- ըստ apa.az-ի` այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Վերջինիս խոսքով` «հետագայում Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, քննարկումներին մասնակցելով, վերանայել է իր վերաբերմունքը հարցի նկատմամբ»:
«Որքան հասկանում եմ, Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը տարածաշրջանում պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որը տիրապետում է ամենամեծ տարածքին, ամենամեծ մարդկային ռեսուրսներին, կայուն, հուսալի և որակյալ կառավարության: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է լավ գործընկեր լինել: Իմ կարծիքով, Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է կայանա Ադրբեջանին` որպես զարգացած, կայուն և հուսալի ռազմավարական հարևան ընկալելու մեջ: Ռուսաստանը կարող է շատ բանի հասնել` աջակցելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» - ասել է Ազիմովը: