ՀԱՐՈՒԿԻ
ՄՈՒՐԱԿԱՄԻ
Ես սովորել եմ մեքենա վարել և վարորդական իրավունք եմ ստացել Իտալիայում: Բավականաչափ համարձակ գտնվեցի, որ առաջին վարորդական փորձս ձեռքբերեմ Հռոմի փողոցներում: Այդ պատճառով հիմա (նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Հռոմում, ինձ կհասկանան) ես ոչնչից չեմ վախենում:
Հռոմը որևէ մեգապոլիսից շատ ավելի շատ է վախեցնում, շփոթեցնում ու հիացնում վարորդին` նրա համար դառնալով ոչ միայն գլխացավի պատճառ, այլև անսովոր հրճվանքի, որ բավականին յուրահատուկ է: Եթե ինձ չեք հավատում, մեկնեք Հռոմ, վարձույթով մեքենա վերցրեք և ինքներդ համոզվեք:
Իտալիայում, եթե վարորդը ինչ-որ պատճառով դժգոհ է, բացում է մեքենայի ապակին ու սկսում բարձր բղավել: Դա, թերևս, իտալացի վարորդների ամենաբնորոշ առանձնահատկությունն է: ՈՒ վարորդները ոչ միայն բղավում են, այլև թափահարում ձեռքերը: Հընթացս: Կողքից նայողի համար այդ ամենը բավականին վախեցնող է:
Իմ ծանոթ իտալացիներից մեկը իմ աչքի առաջ հանդուգն շրջանցելով ճանապարհով հազիվ սողացող և իբրև վարորդ բացահայտորեն դանդալոշ տիկնոջը, իջեցրեց իր «Ֆիատ ունոյի» ապակին (իսկ պատուհանը բացելու համար նա ստիպված էր կատաղի արագությամբ պտտել բռնակը) և սարսափելի ձայնով բղավեց. «Սինյորա, դուք ոչ թե մեքենա պիտի քշեք, այլ տանը նստեք ու սպագետտի խաշեք»: Դա իտալացիների ևս մեկ առանձնահատկությունն է` նրանք ոչ մի կաթիլ ներողամտություն չունեն անձեռնահաս վարորդների նկատմամբ:
Այդ պահին ես նույնիսկ խղճացի խեղճ տիկնոջը: Թերևս նա ինքն էլ ուրախ չէ, որ ղեկի առաջ է նստած, բայց ո՞ւր կորչի: Գուցե հենց այդ օրը տուն հասնելով և սպագետտին եփվելու դնելով` նա արցունքն աչքերին բողոքում էր որդուն. «Այսօր, երբ մայրդ մեքենա էր վարում, մի շատ վատ մարդ սկսեց նրա վրա բղավել, որ ավելի լավ է նա ընդհանրապես մեքենային մոտ չգա, այլ նստի տանն ու սպագետտի եփի»: Խեղճ, խեղճ տիկին: Ճապոնիայում նրան, երևի, խորհուրդ կտային նստել տանն ու դայկոն եփել։
Նույնիսկ զարմանալի է` որքան համեղ են սպագետտիներն Իտալիայում: Դուք, իհարկե, կասեք` «Ի՞նչն է զարմանալի: Իտալիան մնում է Իտալիա»: Այդպես է, անկասկած, բայց Իտալիային բոլոր հարևանող երկրներում սպագետտին սարսափելի անհամ է: Ընդամենն անցնում ես սահմանը, և… Դուք նույնիսկ պատկերացնել չեք կարող, թե որքան տհաճ կարող են լինել սպագետտիները:
Սահմանն ընդհանրապես առեղծվածային երևույթ է: Արտասահմանից Իտալիա մտնելով, դու ամեն անգամ նորովի ես բացահայտում, որ իտալական սպագետտիները ՀԱ-ՄԵՂ են: Իրապես համեղ: «Նորովի բացահայտումների» իրարահաջորդումն էլ, փաստորեն, հենց մեր կյանքն է:
Ի դեպ, Տոկիոյի իտալական ռեստորաններում նույնպես համեղ ու բարձրորակ սպագետտի են մատուցում: Եվ ես համարյա միշտ զարմանում եմ` ինչպես է ճապոնացիներին հաջողվում այդքան լավ պատրաստել մի ճաշատեսակ, որի հայրենիքն ուրիշ երկիր է և բոլորովին այլ մշակույթ: Իրականում իմաստ չունի ճապոնացի շեֆ խոհարարներից պահանջել համի կատարելություն: Միևնույն է, քեզ չի հաջողվի զգալ այն, ինչ զգում ես, երբ սահմանը հատելուց հետո մուտք ես գործում առաջին իսկ պատահած հռոմյան խորտկարանը, ստանում ես քո սպագետտին և անփոփոխ ապրում ես «նորովի բացահայտման» մոգական զգացումը: Ի վերջո, կերակուր պատրաստելը նույնպես մթնոլորտային երևույթ է: Օդից շատ բան է կախված: Համոզված եմ հարյուր տոկոսով:
Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ