Հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան կստորագրեն, իսկ ՈՒկրաինան ավարտին կհասցնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը` ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը:
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության` սա կարևոր պահ է թե՛ Եվրոպական միության, թե՛ գործընկեր երկրների համար, քանի որ ասոցացման համաձայնագիրը մեծապես կխորացնի քաղաքական և տնտեսական հարաբերություններն ու կնպաստի երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը:
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հետևելու են բարեփոխումները հանրային կառավարման, արդարադատության, օրենքի գերակայության, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության, մշակութային և այլ ոլորտներում:
Եվրամիությունը իր գործընկեր երկրների հետ հարաբերություններում շեշտը դնելու է նաև ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների, ազատ շուկայի պաշտպանության վրա: Այս ոլորտները նախատեսված է զարգացնել ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերով: Վրաստանում նախատեսվում է 4,3 տոկոս տնտեսական աճ ապահովել` 292 միլիոն եվրո շահույթով:
Կարդիականացվեն նաև շուկաները, Եվրոպայի 500 միլիոն սպառող ունեցող շուկայի հետ առևտրի համար կհանվեն մաքսային դրույքաչափերը, կհամապատասխանեցվի օրենսդրությունը, կստեղծվի առավել բարենպաստ բիզնես միջավայր:
Ասոցացման համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների գների նվազմանն ու որակի բարձրացմանը, փոքր և միջին բիզնեսին առավելություններ կընձեռվեն, առողջապահությունն ավելի հասանելի կլինի, դատարանները` արդար: Բայց այս ամենը կլինի Վրաստանում, ՈՒկրաինայում, Մոլդովայում: Ասոցացման համաձայնագրի գործընթացից դուրս մնացած Հայաստանը, բարեփոխումներ չարձանագրած Ադրբեջանն ու Բելառուսը Եվրամիության առաջարկած բարիքներից առայժմ չեն օգտվի: