Պուտինն ու Ալիևը գրավոր ուղերձներ են հղել Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվող ռուս - ադրբեջանական միջտարածաշրջանային համագործակցության համաժողովին, որ արդեն հինգերորդ անգամ է անցկացվում: Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը երկու երկրների տնտեսական համագործակցության վերաբերյալ տվյալներ է հրապարակել: «2012 թվականի համեմատ 2013-ին առևտրի ծավալները աճել են ավելի քան 10 տոկոսով և կազմել 2 միլիարդ 600 միլիոն դոլար: Առևտրի ոլորտում Ռուսաստանը Ադրբեջանի թիվ երեք գործընկերն է, իսկ ներմուծման ուղղությամբ համար առաջինն է»,- նշել է նա: Շահին Մուստաֆաևը ասել է, որ Ադրբեջանում ռուսական կապիտալով աշխատող 570 ձեռնարկություն կա: Ռուսական ներդրումները Ադրբեջանում վերջին տասը տարվում կազմել են 1 միլիարդ 800 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Ռուսաստանում՝ մեկ միլիարդ դոլար: Նա նշել է, որ ներդումները խրախուսելու և պաշտպանելու վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրվելիք համաձայնագիրը լավ հնարավորություն կստեղծի ավելացնելու փոխադարձ ներդրումները: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի շրջանների հետ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է:
Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը ասել է, որ Ադրբեջանը հատուկ գործընկեր է Ռուսաստանի համար: Նա նշել է, որ համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակը ազդեցություն չի ունեցել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության վրա, երկու կողմից ավելի քան 500 ընկերություններ ներգրավված են ռուս - ադրբեջանական համագործակցության մեջ, ՌԴ 75 սուբյեկտներ ակտիվ համագործակցում են Ադրբեջանի հետ: