Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես հստակեցնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ` սեպտեմբերին մեկնարկող հերթական գագաթնաժողովից մոտ երեք ամիս առաջ հայտարարելով, որ այս անգամ էլ Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստանա:
Բրյուսելում մեկնարկած դաշինքի անդամ պետությունների նախարարական համաժողովի ընթացքում կայացված այս որոշման մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
«Մենք համաձայնության եկանք, ըստ որի Վրաստանի հետ զարգացնելու ենք հիմնարար (միջոցառումների) մի փաթեթ, որն էլ իր հերթին հնարավորություն կտա այդ երկրին սերտացնելու կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Առաջիկա շաբաթներին կհստակեցվեն նաև այդ փաթեթի կոնկրետ մանրամասները»,- հայտարարել է Ռասմուսենը:
Այն, որ Վրաստանին այս անգամ էլ Անդամակցության գործողությունների ծրագիր (MAP) չի առաջարկվի, պարզ դարձավ դեռ շաբաթասկզբին, երբ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Եթե ազնվորեն խոսենք, ապա ինձ հետ շփված վրաց նախարարներից և ոչ մեկը չի հայտարարել, որ Վրաստանը այս պահին պատրաստ է անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Ավելին, ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանն առանց գործողությունների ծրագրի: Ամենամյա ազգային ծրագիրն ու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի գործունեությունը միանգամայն բավարար են, որպեսզի ձեր երկիրը նախապատրաստվի դաշինքին անդամակցելուն»։