Միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հունիսի 25-ին Բրյուսելում կայացած Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի` Նալբանդյանը հույս է հայտնել, որ «Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար»: ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր օժանդակությունը «Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին»: Նշենք, որ Բրյուսելում կայացած Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: