ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերը ներկայացնող երկրների ԱԳ նախարարներ:
Ելույթ ունենալով հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր է գործադրել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց օգնելը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։ Նա հույս է հայտնել, որ Աֆղանստանի հետընտրական բարդությունները հնարավոր է հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի թվիթերյան գրառման համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում զրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: