ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: «Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը, արձանագրելով, որ ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր, համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան, հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ, վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը» հանձնաժողովը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանագծից «դիպուկահարների հետքաշման, միջադեպերի հետաքննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ»:
Միջխորհրդարանական հանձնաժողովը կարևորում է ԼՂՀ-ի և Ադրբեջանի հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: «Հանձնաժողովը նաև համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար», -ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: