ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլունյաևը կարող է ենթադրել այն, ինչ ուզում է, սակայն պետք է հաշվի նստել իրականության հետ, որը պաշտոնապես ձևակերպվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին ասել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ մեկնաբանելով Ի. Սլունյաևի այն հայտարարությունը, թե Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցությունը միանգամայն հավանական է:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական պատասխանը: Ըստ այդմ՝ ներկա դրությամբ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել Եվրասիական միությանը:
«Եվրասիական միությանն անդամակցելը այսօր Ադրբեջանին ոչինչ չի տալիս: Այդ միությանը բաժին է ընկնում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ոչ ավելի, քան 10%-ը,- ասել է Մուսաբեկովը:- Ռուսաստանը ցանկանում է ընդարձակել իր ազդեցության գոտին՝ տարբեր երկրների Եվրասիական միություն հրավիրելով: Ադրբեջանին հրավիրել Եվրասիական միություն, որին մտադիր է անդամակցել ադրբեջանական տարածքներն օկուպացրած Հայաստանը, ուղղակի անլուրջ է: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գտնվել Հայաստանի հետ նույն միության մեջ: Դա հեռու է իրականությունից»: