ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայում գտնվող քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձևին։
Ինչպես փոխանցում է Հայ դատի գրասենյակը, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի հեղինակած բանաձևը պարտավորեցնում է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը Կոնգրեսին ամենամյա հաշվետվություն ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի գրավյալ տարածքներում գտնվող եկեղեցիների և քրիստոնեական համայնքներին պատկանող՝ գողացված ունեցվածքի վերադարձի մասին:
«Այս բանաձևի ընդունումը հստակ ուղերձ է Անկարային, որ նա պետք է դադարեցնի հակաքրիստոնեական վարքագիծը և ընդունի այն բարոյական, իրավական և նյութական պարտավորությունները, որոնք ունի հայերի, սիրիացիների, կիպրոսցիների, պոնտացիների և թուրքական ցեղասպանությանն արժանացած այլ զոհերի նկատմամբ»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։