Մինչ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային դերակատարները անկեղծ ջանքեր չեն գործադրել կարգավորելու համար ԼՂ հակամարտությունը: Ըստ apa.az-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մովլուդ Չավուշօղլուն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, եթե ցանկանային, ապա վաղուց միասին լուծում կգտնեին ԼՂ հակամարտության համար»,- նշել է Չավուշօղլուն: «Մի կողմից՝ պետք է կանխել հակամարտությունները, կարգավորել գոյություն ունեցող հակամարտությունները: Մյուս կողմից`եթե մենք չկարգավորենք սառեցված հակամարտությունները, խնդիրներ կծագեն միջազգային իրավունքի, մարդու իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և անկախության առնչությամբ: Այսօր ՈՒկրաինայում առկա բախումները արդյունք են ավելի վաղ չկարգավորված կոնֆլիկտների: Վրաստանի հարավօսեթական և աբխազական շրջաններում, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում, Մոլդովայի մերձդնեստրյան շրջանում առկա հակամարտություններին այսօր ավելացել է և Ղրիմի հարցը: Սառեցված հակամարտությունները սպառնալիք են կայունությանը` եվրոպական մասշտաբով: Այս խնդիրների լուծման համար դրանց անհրաժեշտ է մոտենալ օբյեկտիվ և անկեղծ», -ասել է Չավուշօղլուն: