Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 22-28-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան ութ հազար կրակոց:
Անցյալ շաբաթավերջին հրադադարի ռեժիմը խախտվեց նաև ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում: Հակառակորդը կրակ բացեց մի քանի գյուղերի ուղղությամբ: Կրակոցներից տուժել են Պառավաքար, Մովսես, Այգեպար, Չորաթան գյուղերը: Իսկ Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները պայմանավորում է նրանով, որ վերջինս անընդհատ փորձում է ապացուցել, որ ամրապնդում է իր դիրքերը: Այդպիսով, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանը շարունակում է իր ռազմական դիվանագիտությունը և փորձում հասկացնել Հայաստանին, որ ինքը պատրաստ է Ղարաբաղի հարցի լուծմանը հասնելու ռազմական ճանապարհով: