Միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում, դրանք խաղաղ միջոցներով` հակամարտող կողմերի միջև երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին և միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարևոր գործիք են՝ ասված է «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային գիտաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:
«Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը»,- ընդգծել է նախագահը ուղերձում, որը Երևանում անցկացվող ֆորումում ընթերցել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը:
«Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվտանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարևոր միջոցի: Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գերակայությունների կարևոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը»,- գրել է Սերժ Սարգսյանը: