ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի և Պակիստանի հարցով ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Դենիել Ֆելդմանին նշանակելու մասին՝ Ջեյմս Դոբբինսը թոշակի է անցնում: «Դոբբինսն իր առաջին քայլերը դիվանագիտական ասպարեզում կատարել է՝ մասնակցելով վիետնամական պատերազմի տարիներին Փարիզում կայացած խաղաղ բանակցային գործընթացին, կարևոր դեր է խաղացել Բալկաններում իրավիճակի կարգավորման գործընթացում: Նա միշտ կհիշվի որպես Քաբուլում «Թալիբան» շարժման տապալումից հետո մեր դրոշը դեսպանության վրա առաջին անգամ բարձրացրած անձ», - հայտարարել է Ջոն Քերին: Նա վստահություն է հայտնել, որ Ֆելդմանը, որ եղել է Դոբբինսի տեղակալը, հաջողությամբ կկատարի նոր պարտականությունները: