ԱՄՆ-ը կողմ է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները կազմակերպելու Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրման տեղեկությունները: «Ես չունեմ այդ կոնկրետ տեղեկությունների հաստատումը, բայց, անխոս, խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից»,- ասել է նա և նշել, որ ԱՄՆ-ը, որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, «հակված է Երևանին և Բաքվին օգնելու» ելք որոնելու իրավիճակից: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը՝ հնարավորինս շուտ Փարիզում գագաթնաժողով անցկացնելու, և կհամաձայնեն կազմակերպել բանակցություններ, որոնք կբերեն խաղաղ պայմանավորվածության»,- նշել է Ջեն Փսակին: ԱՄՆ-ը երկու կողմերին կոչ է անում ձգտել լարվածության նվազեցման և խուսափել հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը: Երևանն իր համաձայնությունը տվել է Օլանդի նախաձեռնությանը, որ նա բարձրաձայնել էր մայիսին ՝ Երևան և Բաքու այցի ժամանակ: Բաքուն հայտարարել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ Փարիզից սպասում է առաջարկների հստակեցումներ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենթ Հարթլին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը, հայտնում է Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը՝ հանդիպել Փարիզում: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի կոչը՝ բանակցություններն ավելի առարկայական դարձնել, ևս կողմերին հնարավորություն է տալիս առաջ տանել խաղաղ գործընթացը»,- Վիեննայում ԵԱՀԿ ամենամյա անվտանգության կոնֆերանսում ասել է Հարթլին: «Երկու կողմերի միջև ազգային դիվանագիտության ջանքերը ևս կարող են նպաստել կայուն կարգավորմանը՝ երկու երկրների քաղաքացիներին օգնելով պատրաստվել խաղաղության»,- նշել է նա: