ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով մեկնում է Հարավային Ամերիկա՝ հուլիսի 6-8-ին նա պաշտոնական այց կկատարի Արգենտինա, հուլիսի 8-10-ին պետական այցով կգտնվի ՈՒրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ին՝ պաշտոնական այցով Չիլիում: Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ գործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր կստորագրվեն: Այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպումներ կունենա Արգենտինայի, ՈՒրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:
Զարմանալի զուգադիպությամբ հուլիսի 11-16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Կուբա, Արգենտինա, Բրազիլիա: Հուլիսի 11-ին Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հրավերով պաշտոնական այցով Պուտինը կլինի Կուբայում: Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և ներդրումային կապերին, էներգետիկայի տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, տիեզերքի խաղաղ օգտագործման և առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Կստորագրվեն այդ ոլորտներում համագործակցության պայմանագրեր: Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ֆիդել Կաստրոյի հետ:
Հուլիսի 12-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հրավերով ՌԴ նախագահը կմեկնի Արգենտինա պաշտոնական այցով: Երկու նախագահները կքննարկեն կոոպերացիայի ընդլայնման և առևտրատնտեսական ոլորտում գործակցության խորացման հարցեր, հիմնականում համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման գծով: Բուենոս Այրեսում ևս կստորագրվեն երկկողմանի համաձայնագրեր:
Հուլիսի 13-16-ին Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով պաշտոնական այցով կլինի Բրազիլիայում: Նա կմասնակցի ԲՌԻԿՍ-ի երկրների VI սամիթթին, կբանակցի Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ, կհանդիպի գործարարներին և ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը, որի ընթացքում նրան կփոխանցվի ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության, որ անցնելու է Ռուսաստանում, էստաֆետը: