Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «լուրջ» է անվանել տեղեկությունն այն մասին, թե գերմանական հետախուզության աշխատակիցը կարող էր գաղտնի փաստաթղթեր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայություններին, և նշել է, որ նման միջադեպը չի համապատասխանում երկու գործընկեր երկրների համագործակցության մակարդակին: Նշենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տունը դեռևս հրաժարվում է մեկնաբանել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության 31-ամյա աշխատակցի ձերբակալման փաստը, ով արդեն խոստովանել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը գաղտնի փաստաթղթեր է փոխանցել բունդեստագի հատուկ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ՝ ուղղված Գերմանիայում ամերիկյան խոշորագույն գաղտնի ծառայութան գործունեությանը:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի շահերից է բխում միջադեպի շուտափույթ հետաքննությունը: Նախարարը անթույլատրելի է համարել սկանդալի հետքերը թաքցնելու ցանկացած փորձ: