Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը նախագահական ընտրությունների առաջատարն է՝ ըստ քվեարկության նախնական արդյունքների, որ հրապարակել է Անկախ ընտրական հանձնաժողովը: Agence France-Presse-ը հաղորդել է, որ նրան ձայն է տվել ընտրողների 56,44 տոկոսը:
Արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան ստացել է 43,56 տոկոս ձայն: Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմադ Յուսուֆ Նուրիստանին հրապարակելով նախնական տվյալները՝ ընդունել է, որ քվեարկության ընթացքում եղել են խախտումներ, և ասել է, որ միջադեպերը կհետաքննվեն: Քվեարկությանը մասնակցել է ութ միլիոն ընտրող:
Աբդուլա Աբդուլան չի ընդունում ընտրությունների արդյունքները, նա հայտարարել է, որ դարձել է «արդյունաբերական մասշտաբներով» քվեաթերթիկների կեղծման զոհ: Աբդուլան և Ահմադզայը հայտարարել են, որ բանակցում են ՄԱԿ-ի հետ:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը ապրիլի 5-ին էր, Աբդուլան ստացել էր 45 տոկոս, Ահմադզայը՝ 31,6: Հուլիսի 14-ին անցած երկրորդ փուլի հաջորդ օրն ընտրական հանձնաժողովը 274 բողոք էր ստացել խախտումների վերաբերյալ: Երկրորդ փուլից հետո փոխվեց և անկախ ընտրական հանձնաժողովի նախագահը, որը փորձագետները բացատրում են հանձնաժողովի վրա ճնշումներով: