ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հայտարարել են, որ պատրաստ են ՀՀ-ի հետ համագործակցությունը շարունակելու՝ առաջարկելով նոր մոդել:
irates.am-ը քաղաքագետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ մոդել է անհրաժեշտ եվրաինտեգրման գործընթացը շարունակելու համար, որը կարող է յուրօրինակ հակակշիռ դառնալ Եվրասիական միությանը: Ստորև ներկայացնում ենք Արմեն Գրիգորյանի պատասխանը:
-ԵՄ-ն շարունակում է փնտրել Հայաստանի հետ համագործակցության եզրեր` մասնավորապես հաշվի առնելով Հայաստանի մեկուսացման վտանգավորությունը, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը, մյուս կողմից` հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և էներգակիրների տեղափոխման նոր ուղիների ապահովման անհրաժեշտությունը և այլն: Հնարավոր է ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ աշխատել` անգամ առանց դա «խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի» անվանելու, սակայն Հայաստանը պետք է դրա համար սկսի նախաձեռնողական քաղաքականություն վարել: Իհարկե, սեպտեմբերի 3-ից, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՈՒկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանին դատապարտող բանաձևի դեմ քվեարկելուց և Ռուսաստանին հավատարմության այլ ցուցադրումներից հետո հեշտ չի լինի կրկին վստահություն ձեռք բերել: Ամեն դեպքում, Եվրասիական միությանն անդամակցելուց խուսափելու հնարավորությունը պետք է օգտագործել:
Խնդիրն այն է, սակայն, որ եվրոպական որոշ երկրների կամ կառույցների մոտ վստահության վերականգնումը կարող է նույնիսկ հեշտ խնդիր համարվել` Հայաստանի ներսում վստահության վերականգնման համեմատ: Վերջին խնդիրը, ըստ էության, գործող վարչակարգի կողմից համապարփակ կերպով լուծվել չի կարող. դրա համար կան տասնյակ պատճառներ` ընտրակեղծիքներից և մարտի 1-ի սպանդից սկսած, կուտակային կենսաթոշակի մասին օրենքով վերջացրած: Կոնկրետ եվրաինտեգրման համատեքստում պետք է կազմակերպել գոնե բաց հրապարակային քննարկումներ` եվրոպական և եվրասիական նախագծերի պայմանները և
հնարավորությունները համեմատելու, նաև եվրաինտեգրման գաղափարը վարկաբեկող ռուսական քարոզչության դեմն առնելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ