ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնն անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին: Պատասխանելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նամակին, որը բարձրացնում էր Սիրիայում հայկական բնակատեղիների և բնակչության վրա հարձակումների խնդիրը` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսօղլուն նշել է, որ Եվրամիությունը կիսում է սիրիահայերի պայմանների հետ կապված մտահոգությունները:
Էշթոնը տեղյակ է նաև Քեսաբի և մյուս բնակավայրերի վրա կատարված հարձակումներից և ջանքեր է գործադրում նվազեցնել «Ալ-Քաիդայի» և նրա հետ համագործակցող ուժերի ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
«Հավատացած եղեք, որ մենք գործադրում ենք բոլոր հնարավոր միջոցները մեր ուժերի ներածի չափով ծայրահեղականության դեմ պայքարում և աջակցում ենք բոլոր կրոնական և ազգային փոքրամասնությունների խաղաղ համակեցությունը», - ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի նամակում: