ՈՒրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ ՈՒրուգվայում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և ՈՒրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի և Դանիլո Աստորիի համոզմամբ կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ ՀՀ նախագահի պետական այցը ՈՒրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա: Դանիլո Աստորին սիրով ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ ՈՒրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին ՈՒրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
ՈՒրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող ՈՒրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ նրան ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին: