Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Յարխուշտա

Յարխուշտա
11.07.2014 | 13:03

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

-Տղե՛րք, «Յարխուշտա՜»… Մեր պապերը Էրգրում կռվից առաջ «Յարխուշտա» են զարկել, սկզբում իրենց հոգում են հաղթել, հետո քար ու քարափի վրա, սար ու ձորում,- Թալինի գումարտակի Մկրտիչ Ղազարյանի ջոկատի երկրապահներին մռնչաց Արծիվ Մերուժը:
Հեթանոս քրմերի ծիսական պարերի հանդարտությամբ ու վեհությամբ մերթ գալարվում էր ու սլանում, մերթ ճախրում էր ու զարկում։ «Յարխուշտա»-ն կռիվ է աշխարհի հետ։ Մեկ-մեկ այնպես ինքնամոռաց էր զարկում, որ դիմացի պարողը ցավից ձեռքերը թափահարում էր... Այդպես հայոց ռազմի աստվածներն էին պարել Ծովասարում ու Աշտիշատում՝ ի տես Անահիտ աստվածուհու և Աստղիկ դիցուհու։
Արկը պայթեց։ Մերուժը հասցրեց ընդամենը տեսնել, որ իր երկու ոտքերը չկան, անգամ ուժ գտավ գոռալու ընկերներին՝ Մակարի՛ն հասեք... Մի ակնթարթ փորձեց ընկերոջ զենքի փողը իր կրծքին ուղղել, չհասցրեց։ Աչքերը մթնեցին։ Հասցրին Ֆիզուլու դաշտային հոսպիտալ:
-Վա՜խ, Սովետական Միության ըմբշամարտի չեմպիոն, Գևորգ Չավուշի արյունակից, աշնակցի Մերուժան Մարգարյանն է,- ծանր տնքաց վիրաբույժ Տարոն Տոնոյանը՝ շտապ սկսելով վիրահատությունը: Մտքերը դաժանորեն տանջում էին բժշկին. «Մերուժը դյուցազուն է, կդիմանա ֆիզիկական ցավին, կփրկվի, բայց առանց ոտքերի ֆիդայի Մերուժը հոգու ցավին չի դիմանա, ո՞նց է ապրելու...»:
Գիշերը կոպերը դանդաղ հետ գնացին, մշուշը կամաց-կամաց պարզվում էր: Սկսեց հիշել: Մտքի աղոտ թելը Մերուժին տարավ արկի պայթելու տեղը, հիշեց փոշու մեջ ընկած իր ոտքերը։ Կաթիլային սարքերը խանգարում էին շարժվելու, դժվարությամբ ձեռքը տարավ դեպի ոտքերը, շոշափեց ընդամենը հարթ անկողինը, բայց ոտքի սուր ցավ զգաց։ Մի քանի վայրկյան Մերուժի աչքերը բժշկի հայացքին սևեռվեցին, ձգվեց ու մտքում ինչ-որ բան որոշեց: Համերկրացի Տարոնը կարդաց նրա միտքը, նույնիսկ ասելուց ավելի պարզ՝ «Ես առանց ոտքերի այլևս զինվոր չե՛մ և...»:
Կոպերը ծածկեցին արծվենի աչքերի ցավը: Ծանոթ պատկերներ հայտնվեցին և կինոժապավենի պես շարժվեցին դեպի մշուշոտ հեռուներ։ Մերուժը իր հոր աչքերով տեսած Էրգիր հասավ, իրենց տունը՝ Սասունի Մկտենք գյուղում: Կողքը Գևորգ Չավուշենց տունն էր: Հենց էդ բակում էին ֆիդայիները «Յարխուշտա» զարկում։ Հայրը՝ Գըրբե Գրիգորը, հաճախ էր Մերուժին պատմում, թե 1915-ին ասկյարներն ինչպես մտան Մկտենք։ Բակում տասնյակ դիակներ էին ընկած: Երբ ասկյարը առջևում կանգնածին սրով գլորեց, Գրիգորն էլ նրա հետ գետնին փռվեց... Ասկյարի սրի հարվածներից մի երկուսն էլ Գրիգորի գլխին կպան։ Արյունը լցվեց աչքերը, աշխարհը կարմրեց, դարձավ անմեղ արյուն։ Տասներեքամյա Գրիգորն ընկած մնաց դիակների տակ, վախենում էր շարժվել։ Մի քանի ժամ անց ծանոթ ձայն հասավ ականջին՝ «Կենդանի մարդ կա՞ էստեղ»: Գրիգորն անմիջապես ճանաչեց ազգակցի՝ Մանուկի ձայնը և դիակների տակից գոռաց. «Հոպո՜, հոպո՜, ես ողջ եմ»: Մանուկը սարսափեց՝ ոչ ոք չկար, բայց հարազատ մի ձայն իրեն էր կանչում: Տեսի՞լք է, թե դիակներն արդեն լեզու են առել։ Մի պահ քարացավ։ Դիակների տակից արնակոլոլ գլուխը դուրս հանեց հորեղբոր թոռ Գրիգորը: Մանուկը խոտերի միջից բուժիչ և ցավազրկող դեղաբույսեր քաղեց, դրեց սրից բացված երկու վերքերին, շապիկով կապեց Գրիգորի գլուխը, ու երկուսով վազեցին դեպի ձորը: Գրիգորը չիմացավ, թե ինչ եղան ծնողները։
Դաշտային հոսպիտալում կյանքի ժապավենը դանդաղ սահում էր։ Մերուժի ափերը «Յարխուշտան» հիշեցին, փորձեց ոտքերը շարժել, խոյանալ, զարկել... Ինքը պարում էր, ոտքերը շարժում, բայց դավաճան անկողինը անշարժ էր։
Ժապավենն արդեն ձգվեց գաղթի ճամփաներով։ Հայրը գաղթականների խմբում էր։ Հետևից գնում էր Անդրանիկի հետնապահ ջոկատը՝ գաղթականներին պաշտպանելու թշնամու անակնկալ հարձակումներից: Անդրանիկ զորավարին մկտենցի Մանուկը պատմել էր, որ գաղթականների մեջ են նաև Գևորգ Չավուշի մյուս հարազատները՝ Կրկոն, Գաբրիելն ու Գրիգորը։
-Լաո՛, մո՛տ արի,- մի օր Սպիտակ ձիավորը մատով մոտ կանչեց Գրիգորին: Երկար ու քննախույզ հայացքով նայեց տասներեքամյա տղայի կրակոտ ու արծվենի աչքերին, թամբից կռացավ, շոյեց Գրիգորի գլուխը. «Չավուշի արյո՜ւնն է, Չավուշի աչքե՜րը...»: Մի քանի վայրկյանից նորից կռացավ Անդրանիկը և երեխայի փոքրիկ ձեռքը սեղմեց ափերի մեջ՝ Գրիգորի արյան ջերմությունից իր սիրելի Գևորգ Չավուշի կարոտն առնելու։ Հենց գաղթականների այդ խմբում էլ Մանուկը գտավ Գըրբեին և Գրիգորին հասցրեց հորը։
Հինգ տարվա թափառումների հոր անվերջ պատմությունները անցնում էին Մերուժի աչքերի առջևով։ 1921-ին հայրը մի քանի փրկված հարազատներով հասավ Թալինի Աշնակ գյուղ: Հազիվ տնավորվել էին։ Սովորական մի օր «Յարխուշտայի» կարոտը արևագալին արթնացավ, փոթորկվեց, լցվեց երակները, գալարվեց ու հանկարծ բռնեց Գրիգորի կոկորդից։ Քրտինքը պատեց մարմինը, շունչը կտրվում էր, «Յարխուշտան» խեղդում էր։ 1926-ի ամառն էր։ Դաշտում հունձ էին անում, գերանդու բերանը դեռ չէր տաքացել, հանկարծ...
-Տղե՛ք, իմ սիրտ «Յարխուշտա՛» գուզե, գերանդին թալե՛ք,- գոռաց Գըրբե Գրիգորն ու սկսեց Էրգրի անուշ խաղերից կանչել։
Շարվեցին մկտենցի Բեդոն, Թաթնաց Զաքարը, փիրշենցի Խուկո Բողոսը, Նադոպի Սարգիսն ու Նադոպի Վարտոն, ճրթնցի Էղյանը, հավգոնքի Նադրը... Հերթով խաղ էին կանչում։ Կաքավները, լորերն ու ճնճղուկները լռել էին...Նոր հնձած խոտի ծաղկաբույրին խառնվեց կարոտի երգն ու պարը։ Արշալույսի արևը քարացել էր ու լույս էր շաղ տալիս Աշնակի հանդերին։ Գաղթական համերկրացիները պարով վաղո՜ւց Էրգիր էին հասել, Մարաթուկի լանջերի ու Ծովասարի խոտն էին քաղում։ Պարը կամա՜ց-կամաց թեժանում էր, դարձավ կռիվ, վրեժ։ Աչքները կիսափակ՝ թշնամուն էին զարկում, մռնչալով «Թոզլբանը թոզլբան»...
Հետո ամեն Աստծու օր պարում էին։ Հնձի վերջին օրը Գըրբե Գրիգորը «Յարխուշտայից» հետո, ճակատը սրբելով, սիրտը բացեց. «Տղե՛ք, իմ որոշում հաստատ է՝ էսօրվանից Աշնակի սասունցիական պարի խումբ ունինք, մեր պարով Էրգիր չի մեռնի, մենք լը չընք մեռնի։ Մենք ծուռ ինք, բայց առանց Էրգրի երգ ու պարի կգժվինք, ու մեր սիրտ գբաջի»:
1928-ին Երևանից կարևոր մարդ եկավ Աշնակ՝ «Սասուն» ազգագրական խմբի հիմնադիր ղեկավար Գըրբե Գրիգորին ու իր խմբին Երևան հրավիրելու: Սովետի մեծ գրող Մաքսիմ Գորկին էր եկել Հայաստան, կամեցել էր բացառիկ բաներ տեսնել։
Մաքսիմ Գորկին աչքերը մերթ կկոցում էր, մերթ լայն բացած՝ կիսավերկենում ու նստում, հետո գլուխն ափսոսանքով շարժում։ Գորկին «Յարխուշտայից» ցնցվել էր. «Երբեք չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ թաքնված է ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե ռազմիկների պար։ Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»...
Մերուժի աչքերի խաղին և ձեռքերի շարժումներին թաքուն հետևող վիրաբույժ Տարոնը հասկացել էր, որ Սասնա առյուծը այդ պահին «Յարխուշտա» է պարում և ցավազրկող սրսկելու կարիք չկա։ Ցավն անզոր է «Յարխուշտայի» դեմ, պարը սասունցու դեղ ու դարմանն է։ Հետո ակնթարթներով տարիներ ու տասնամյակներ սահեցին անցան: Աչքերի առջև 1965-ն է, Մեծ եղեռնի 50-ամյակի օրը... Գիշերով մինչև լույս Աշնակի բլրին մեծ խարույկ վառեցին։ Արաքսի այն կողմից երևում էր կարոտի և խեղդված վրեժի հրդեհը, որից ջերմանում էին Մասիսի արցունքոտ, հավերժական ձյուները:
-Տղե՛րք, շուտով Թուրքիայում աշխարհի ըմբշամարտի առաջնությանն եմ մասնակցելու, երանի հակառակորդս Թուրքիայի ամենաուժեղ ըմբիշը լինի,- կրակը հայավարի խառնելով՝ երդվեց Մերուժը։
...Թուրքիա, 1965 թվական։ Բարձրախոսը հայտարարում է, որ Ստամբուլի մարզագորգին Մերուժան Մարգարյանն է: Մի քանի վայրկյան հետո մարզագորգին է մոտենում Թուրքիայի ուժեղագույն ըմբիշը:
-Տե՛ր Աստված, իմ ուզածով արեցիր, հազիվ մի անգամ սասունցուն լսեցիր,- անթաքույց ուրախացավ Մերուժը, ինչը տարօրինակ թվաց նրա ծիծաղը նկատած միջազգային մրցավարներին: Մերուժը ձեռքերը օդում թափահարեց, հետո ձեռնափերը իրար զարկեց. «Յարխուշտա» էր պարում։ Հակառակորդը ոչինչ չհասկացավ այդ պարային շարժումից ու կատաղի ցլի պես հարձակվեց։ Մերուժը աքցանեց թուրքի մեջքը և բարձրացրեց։ Թուրքը դողաց, դահլիճը մի ակնթարթ պապանձվեց, մեկ-երկու վայրկյան անց սկսվեց սուլոց և աղաղակ։
-Չէ՛, միանգամից որ ջարդեմ, շուտ կավարտվի, ես այս պահը պիտի երկար վայելեմ, թող աշխարհն էլ տեսնի, սասունցու Աստվածն էլ,- վճռեց Մերուժը և ըմբիշին հենց այնպես շպրտեց գորգին։
Հակառակորդը ավելի կատաղած հարձակվեց: Մերուժին մի պահ թվաց, թե դեմից ձեռքերը արնոտ ասկյար է գալիս, հենց իր հոր գլխին սրով երկու անգամ հարվածողը։ Երակներում այլևս արյուն չէր, այլ կարմիր փոթորիկ։ Մերուժը այս անգամ այնպես աքցանեց նրան, որ թուրքի ականջը մոտ լինի իր բերանին: Մի քանի վայրկյան տանջելուց հետո ականջին այնպես խուլ մռնչաց, որ թուրքի մաշկը ամբողջությամբ փշաքաղվեց: Մարզական հնարքներ հարկավոր չեն, պարզապես միայն ուժով պետք է ջարդի: «Դու իմ հոր վրա սուր քաշե՞ս, ես քո հավատը...»,- մռնչաց Մերուժն ու մի ակնթարթում մեջքի վրա այնպես շրմփացրեց թուրքին, որ նա հազիվ հասցրեց դեմքը վախից ու խայտառակությունից փակել։ Հանդիսատեսների թուրքերեն և թուրքավարի բարձրաձայն հայհոյանքներից դեռևս ուշքի չեկած ըմբիշը լքեց մարզագորգը։ Մերուժը «Յարխուշտայի» շարժումներով հրաժեշտ տվեց մարզասրահում զգուշությամբ հրճվող խոնավ աչքերով մարդկանց։ Հայեր էին։
...Բժիշկը աննկատ նայում էր, թե հիվանդն ինչպես է ձեռքերով սեղմում ինչ-որ բան, ջարդում: Թեև կաթիլայինի առաձգական խողովակները ձգվել էին, բայց չուզեց սթափեցնել։ Մի քանի վայրկյանից հետո ափերում մուրճանման բան սկսեց սեղմել. կարծես քար էր կոտրում: Իսկ ժապավենը աննկատ գնում էր։
Մերուժը գրեթե վազելով մտավ Երևանի մեխանիկական գործարաններից մեկը:
-Վարպե՛տ, ինձ համար քար կոտրող մի մեծ մուրճ՝ կռան սարքի՝ մի քսան-քսանհինգ կիլոգրամանոց,- ձուլողի աչքերին նայեց Մերուժը:
-Էդ ո՞ր թանգարանի համար է, գրությո՛ւն բեր,- հասկացրեց վարպետը:
-Ի՞նչ թանգարան, տո՛ւն եմ կառուցում,- ժպտաց Մերուժը:
-Այ ախպե՜ր, դրա բարձրացնող-իջեցնողին ո՞նց ես գտնելու,- խեթ նայեց ձուլողը:
Վարպետի ժպիտը մի վայրկյանում սարսափի փոխվեց. Մերուժը մի ձեռքով խաղալիքի պես օդում էր պահում նրան:
-Հասկացա՜, հասկացա՜, էս Սասնա ծուռը որտեղի՞ց եկավ,- ապշահար Մերուժին էր աղերսում վարպետը՝ ցած իջեցնելու համար:
-Ախպեր ջա՛ն, կսարքե՜մ, փող էլ չեմ վերցնի, մենակ տանդ տեղն ասա, մի օր գամ տեսնեմ,- խելագարի պես Մերուժին փաթաթվեց վարպետը՝ բացատրելով, որ իր պապն էլ Սասնա ծռերից է։
Կռանը ուսին՝ Աշնակի ջաղացի ձորալանջի ամենամեծ ժայռին մոտեցավ Մերուժը: Նայեց ժայռի հզոր մարմնին, շոյեց, համբուրեց պինդ որձաքարը բարեկամի պես:
-Մեր ջոջ պապերը՝ Սանասարն ու Բաղդասարը, հազար-հազար տարի առաջ էս տեսակ սասուն քարերով են իրենց բերդը՝ Սասունը կառուցել: Սասնա տուն պիտի շինեմ, յա՛ Մարաթուկ,- ձորին ժպտաց Մերուժը և ծանր կռանը անասելի թափով իջեցրեց ժայռի կրծքին: Ապառաժը չտնքաց, ցավից չգալարվեց, բայց ժպիտի պես ճաք տվեց։ Մերուժը հասկացավ, որ ժայռի սրտով էր։ Մի քանի հարվածից հետո հսկա լինգը խրեց ապառաժի ճեղքը։ Քարի կուրծքը բացվեց։ Մի քանի ամիս ձորալանջի ժայռերի ապառաժներից հազարավոր հսկա շարաքարեր կտրեց: Մետաղե երկումետրանոց լինգը հաճախ ծռվում էր։ Գնում էր ծանոթ վարպետի մոտ ավելի ծանրը և պինդը պատվիրում: Մի քանի ամիս հետո Սասնա տան պատերին ու պարիսպներին արդեն սարերից իջնող արծիվներն էին նստում։ Ամեն հսկա քարի հետ մի երազանք էր պատին ավելացնում։
-Էմմա՛, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպն եմ ճարել, պիտի միասին կարդանք,- մուտքից գոռաց Մերուժը: Երեք օր ու գիշեր տնից դուրս չեկան, կարդում էին։ Փոքրիկ դադարի պահերին Մերուժը մռնչալով բռունցքներն էր սեղմում. «Ա՜խ, երանի ես էն ժամանակ ծնված լինեի, իմ հոխպեր Չավուշի հետ կլինեի»:
Կյանքը կինոժապավենի պես թրթռալով հասավ Անկախության հրապարակ, որտեղից ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր սաների հետ դասախոս ու մարզիչ Մերուժը կամավոր գնաց Ղարաբաղ։ Վիրավորվեց, երեք օր դաշտային հոսպիտալում էր: Երբ իմացավ, որ իրեն մյուս վիրավորների հետ պիտի ուղղաթիռով Երևան տեղափոխեն, հոսպիտալից փախավ դիրքերը: Հասավ տղերքին, վիրակապերը մի կողմ շպրտեց ու մարտից առաջ սկսեց պարել։ Ընկերների կորցրեց, սաների...
Լսել էր, որ Թալինում սասունցիները մեծ գումարտակ են կազմում: Եկավ միացավ, ու միասին գնացին։ Ինստիտուտից գրավոր հիշեցում էին ուղարկել դոկտորական դիսերտացիայի պաշտպանության վերաբերյալ: Կնոջը՝ Էլյային, կարճ պատասխանեց հեռախոսով. «Հիմա իմ գործը հայրենիքը պաշտպանելն է, դոկտորական ով ասես կպաշտպանի»:
Ֆիզուլու մոտ խրամատներ էին փորել: Մերուժը խրամատից փորելով շեղվեց երկու-երեք մետր, գետնափոր առանձին սենյակ սարքեց, վարագուրանման մի շոր որպես դուռ կախեց ու վրան գրեց. «Դուռը թակելուց հետո մտեք»։ Նստարանի տեղ քարեր շարեց և դադարի պահերին տղերքին սենյակ էր հրավիրում ու սկսում սիրելի երգը.
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Թող իմանան մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես մի ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք...
-Տղերք, հանկարծ չշփոթվեք ու Մարգարյանի ոգևորված պահին հետը «Յարխուշտա» պարեք,- իր ջոկատայիններին զգուշացրեց հրամանատար Մկրտիչ Ղազարյանը:
Աշնակում Մերուժան Մարգարյանի եղբոր թոռան՝ Գոհար Ավագյանի հարսանիքն էր: Ջահելներից մեկը քեֆը լավ պարընկեր է դառնում Մարգարյանին: Ոգևորված պահին Մարգարյանն ինքնամոռաց այնպես է զարկում պարընկերոջ ափերին, որ նա, ծռված մեջքը բռնելով, հազիվ փախչում է պարահրապարակից: Թամադան Մարգարյանին խորհուրդ է տալիս. «Մերո՛ւժ ջան, էդ պարը դու մենակ պարի կամ էլ քեզ նման մեկին գտիր»։
-Հրամանատա՛ր, տանկեր են գալիս,- խրամատի ծայրից գոռաց դիրքապահը:
Կինոժապավենին երևացին թշնամու տանկը, պայթող արկը, Մակարի կտրված գլուխը, մի քանի մետր այն կողմ ընկած իր արնաշաղախ ոտքերը։ Ժապավենը դանդաղեց, թրթռաց մի պահ ու գրեթե կանգնեց։ Մերուժը բացեց աչքերը, ձեռքը ներքև սահեց։ Ոտքերը չկան, բայց ցավում են, ո՜նց են ցավում։ Ականջում արթնացավ դստեր՝ Անիի լացը: Հեռախոսով խնդրում էր, որ կամ հետ գա Երևան կամ էլ իրեն տանի Ղարաբաղ։ Մերուժը չորսամյա աղջկան Ղարաբաղի մեղր խոստացավ։
-Տե՛ր Աստված, ես այլևս կռվել ու «Յարխուշտա» պարել չեմ կարող, իմ ապրելն անիմաստ է։ Բայց մի՞թե մեղք չեմ գործում իմ չորս զավակների ու տիկնոջ հանդեպ, իմ անավարտ տան, որ Սասնա բերդ պիտի լիներ, իմ հայրենիքի հանդեպ։ Ո՛չ և հազար անգամ ո՛չ։ Ես զինվոր եմ ու բեռ չեմ դառնա երբեք,- հաստատ վճռեց Մերուժը։ Նամակ գրելու պատրվակով թուղթ ու գրիչ էր նախապես խնդրել: Ինչ մտածել էր՝ մեկ րոպեում գրեց, թուղթը դրեց կողքի պահարանին, կիսաձայն շշնջաց. «Ներո՛ղ եղեք, իմ սիրելի բալիկներ...»: Հետո մի ակնթարթում պոկեց կաթիլային ներարկիչների և շնչառական բոլոր խողովակները։ Խավարը դանդա՜ղ իջնում էր, կինոժապավենի ամենավերջին կադրին «Յարխուշտան» էր։ Ներս մտած բուժքույրը ճչաց...
Բժիշկ Տարոն Տոնոյանը կարդաց փոքրիկ պահարանին դրված Մերուժի կտակը. «Ես ուզում եմ որպես ֆիդայի աչքերս փակել։ ՈՒզում եմ, որ հոգիս իմ հոխպեր Գևորգ Չավուշի հոգու հետ Սասնա լեռներում ճախրի։ Դա է ֆիդայու երջանկությունը, սասունցու Աստված դա է մեզ բաժին հանել։ Սա ինքնասպանություն չէ և ոչ էլ թույլ մարդու արարք: Կյանքը շատ քաղցր է, մանավանդ որ ինձ են սպասում կինս և չորս սիրելի զավակներս։ Բայց միայն ուժեղը կարող է հպարտ հեռանալ: Ես չեմպիոն եմ, ահռելի ուժի տեր և կարող եմ հենակներով քայլել։ Բայց ամեն քայլն ինձ համար մահից ծանր է լինելու, ես չեմ ուզում ամեն օր մեռնել, դա իմ տեսակի համար չէ: Հայրենիքի համար հրեղեն գնդակից ընկած ֆիդային մեռած չէ»։

Դիտվել է՝ 158889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ