Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը՝ «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության վրա անդրադառնալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ դարձնել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը նման որոշում չի կայացրել: Ըստ նրա՝ դա եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը: «Եվ ամենակարևորը, մինչ այժմ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև ֆորմալ կանոնակարգված համագործակցություն՝ որպես այդպիսին, չի եղել ու չի հաստատվել երբևէ: Այսինքն՝ եղել են փորձեր նման համագործակցություն զարգացնելու, այն ինչ-որ ձևաչափի մեջ դնելու, բայց տեղի չի ունեցել: Ըստ էության, այդպիսի համագործակցություն չկա այս պահին ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև: Պետք է Ձեզ հիշեցնեմ մեր ՊՆ հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության հետ կապված՝ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը: