Գերմանական BND հետախուզության աշխատակիցը, ով ձերբակալվել է լրտեսության գործով, իրականում կապի մեջ է եղել ամերիկյան ԿՀՎ-ի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը, որը հղում է արել լրագրողների՝ ԱՄՆ-ի վարչակազմի աշխատակիցների հետ մասնավոր զրույցներից ստացած տվյալներին: Ընդ որում՝ նրանք հերքել են կապը ամերիկյան հատուկ ծառայությունների և լրտեսության գործով երկրորդ կասկածյալ Գերմանիայի պաշտպանության նախարարության աշխատակցի միջև:
Աղբյուրները հաստատել են, որ առաջին կասկածյալը սերտ կապի մեջ է եղել ԿՀՎ-ի հետ, որին փոխանցել է արժեքավոր տեղեկություններ: Երկրորդի հետ կապված հայտարարել են, որ նա շփվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի, այլ ոչ թե ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալների հետ: Երկրորդ կասկածյալի մասին ասվել է, որ նրա և ամերիկացու հարաբերությունները կարելի է բնութագրել որպես բարեկամական: Նշենք, որ ոչ Սպիտակ տունը, ոչ պետդեպարտամենտը դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը: