Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպել է Չիլիի Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Չիլիի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում և առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախագահ Սերժ Սարգսյանի և Չիլիի Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն առևտրատնտեսական ու մշակութային կապերը:
Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:
Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարևորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայման պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:
Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2007-ի հունիսին Չիլիի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ: