ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Մերկելը շարունակել են ընդգրկուն, կառուցողական խոսակցությունը, որի ընթացքում մանրամասն քննարկել են ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները: Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ, ցավոք, իրավիճակը վատթարացման միտում ունի: Ժամուկես տևած խոսակցության ընթացքում Վլադիմիր Պուտինն իր անհանգստությունն է հայտնել ուկրաինական զինված ուժերի հարձակողական գործողություններից և ընդգծել է դրանց անընդունելիությունը: Կողմերը կարևորել են ՈՒկրաինայի հարցով շփման խմբի գործունեության վերականգնման անհրաժեշտությունը, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Շփման խմբի աշխատանքի վերականգնման համար Պուտինն ու Մերկելն անհրաժեշտ են համարում հրադադարի հայտարարումը, գերիների փոխանակումը՝ հաղորդել է Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ քննարկվել է միայն իրավիճակը, գազային խնդիրներին անդրադարձ չի եղել: