Իրանը բանակցություններում բեկում է ակնկալում մինչև հուլիսի 20-ը՝ լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
«Վստահեցնում եմ, որ իմ պատվիրակությունը կաշխատի արդյունքի հասնելու համար,- ասել է նա:- Բոլոր կողմերը պետք է աշխատանքում ջանքեր ներդնեն առաջիկա 7 օրերին ցանկալի արդյունքի հասնելու համար»: Իրանի և վեցյակի տարաձայնությունները հաղթահարված չեն, սակայն հաղթահարված է զգալի ճանապարհ՝ վստահ է Զարիֆը:
«Կարծում եմ՝ մենք հաղթահարել ենք բավականին կարևոր ճանապարհ՝ չնայած չենք լուծել կարևոր խնդիրները և չենք վերացրել բոլոր հակասությունները,- ասել է նա:- Այնուամենայնիվ, մենք շարժվում ենք ավելի բարդ որոշումների ընդունման ուղղությամբ»: Զարիֆը ընդգծել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, և վեցյակի մասնակիցներին կոչ է արել շարունակել ինտենսիվ խորհրդակցությունները: