ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ТСН հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մայդանում «անհասկանալի, անհամակրելի, անլույս մարդկանց կուտակումը» ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախագիծն է և այն մարգինալ կուսակցությունների, որ վարկաբեկել են իշխանությունն ՈՒկրաինայում: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նրա հայտարարությունն անվանել է «մաքուր զառանցանք»: «Հիմարությունից ու ցինիզմից բացի, ոչինչ չկա այդօրինակ մեղադրանքներում»,- ասել է Սլուցկին: Նա հիշեցրել է, որ նախկինում Կիևի իշխանությունները Մայդանի մասին այդպես չէին խոսում: «Երբ Մայդանը հակառուսականության կենտրոնատեղի էր, կիևյան խունտայի ներկայացուցիչները անվանում էին ժողովրդավարության կենտրոն, երբ խաղաց իր դերը, «մավրն ավարտել է գործը, մավրը կարող է հեռանալ» սկզբունքով որոշել են Մայդանը վերացնել: Մայդանը խանգարում է որոշումներ ընդունել, չի համապատասխանում սանիտարական նորմերին և այլն»,- բացատրել է պատգամավորը:
Հակաահաբեկչական միջազգային «Ալֆա» կազմակերպության ղեկավար Սերգեյ Գոնչարովը Ավակովի հայտարարությունը մառազմ է որակել: «Վերջին հայտարարությունները, որ անում է Կիևի իշխանությունը, հարուցում են բոլորի տարակուսանքը՝ ինչ են նրանք ուզում: Պորոշենկոն հրադադար է հայտարարում, իսկ ուժայինները ռմբակոծում են քաղաքները: Հայտարարությունը, որ արդի Մայդանը Անվտանգության դաշնային ծառայության ձեռքի գործն է, լիակատար մառազմ է»,- ասել է Գոնչարովը: