ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը արդեն երկրորդ անգամ են հանդիպում Վիեննայի Palais Coburg հյուրանոցում: Հուլիսի 13-ին միջազգային միջնորդների վեցյակը փորձում էր բանակցություններում արագացնել Իրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքումը: Երկկողմանի ու եռակողմ հանդիպումները տևել են ամբողջ կիրակի: Քերին ու Զարիֆը մեկ անգամ արդեն հանդիպել են, բայց Քերին ևս մեկ օր մնաց Վիեննայում, և պետդեպարտամենտը հայտարարեց, որ նախարարները ևս մեկ հանդիպում կունենան: «Քննարկելու շատ թեմաներ կան, հատկապես եթե հաշվի առնենք, որ հուլիսի 20-ը շատ հեռու չէ: Պետքարտուղար Քերիի Վիեննա գալու նպատակներից մեկը նախարար Զարիֆի հետ ընդգրկուն քննարկում ունենալն էր, որպեսզի կարողանա գնահատել Իրանի պատրաստությունը ճակատագրականորեն կարևոր որոշումներ ընդունելուն: Դա բավականին լուրջ և երկար խոսակցություն է: Պետքարտուղարը անհրաժեշտ ժամանակը կհատկացնի և նրանք նորից կհանդիպեն՝ պարզելու առաջընթացի հնարավորությունը»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Բանակցություններից առաջ Քերին մեկնաբանություններ չի տվել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին նախօրեին լրագրողներին ասել էր, որ Իրանը պատրաստ է «շարժվել ամբողջ արագությամբ» մինչև հուլիսի 20-ը, երբ վեցյակի անդամները մտադիր են մշակել համաձայնագիրը, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը և Իրանի դեմ գործող բոլոր միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացումը: