Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հավատարմագիրն է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որ դիվանագիտական արարողակարգով բարձր ընդունելություն է: Սովորաբար ԱՄՆ-ի նախագահը եզակի դեսպանների է ընդունում, առավել ևս երկրում գտնվելու երկրորդ շաբաթում: Հանդիպման ընթացքում Օբաման հույս է հայտնել, որ Տիգրան Սարգսյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները խորացնելու գործում: Ի պատասխան՝ ՀՀ դեսպանն ասել է, որ իր առաքելությունը լինելու է հարուստ ներուժ ունեցող երկկողմ հարաբերությունները սերտացնելը:
Վաշինգտոնում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:
Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպումների ընթացքում փոխադարձ պատրաստակամություն է հայտնվել` շարունակելու հետագա համագործակցությունը: