Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն և ռուս- ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի տնտեսության մի շարք առանցքային ձեռնարկությունների նկատմամբ նոր սահմանափակումները: «Դա վնաս է հասցնում ամերիկյան պետության և ամերիկյան ժողովրդի ազգային երկարաժամկետ ռազմավարական շահերին», - լրագրողներին ասել է Պուտինը Բրազիլիայում: Նա հավելել է, թե Վաշինգտոնը վերջին տարիներին «բավական ագրեսիվ» և «ոչ պրոֆեսիոնալ» արտաքին քաղաքականություն է վարում:
«Ռուսաստանի Դաշնությունը կենսականորեն շահագրգռված է ՈՒկրաինայի հակամարտության դադարեցմամբ», - ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգտոնի հաղորդմամբ` պատժամիջոցները սահմանվել են, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում քայլեր ձեռնարկել ՈՒկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման համար: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տարածվում են «Ռոսնեֆտ» («Роснефть») ռուսական խոշորագույն նավթային ընկերության, «Նովատեկ» («Новатэк») գազային ընկերության, պետական «Գազպրոմբանկի» և «Վնեշէկոնոմբանկի», ինչպես նաև մի շարք այլ կարևոր ձեռնարկությունների վրա: